«Պատերազմ չի լինի, բայց խոշոր սադրանքներ կլինեն»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ապրիլի 24-ին երեք ուղղություններով՝ մշակութային, քարոզչական, դիվանագիտական, սակայն չի նշել տնտեսական և ռազմական ուղղությունը՝ միջազգային հանրության մոտ խաղաղարարի կերպար փորձելով ստեղծել: Ըստ Կոմանդոսի՝ ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին: Հենց այս պատճառով էլ 2015-ի սկզբից լարվածությունը աճել է և շարունակելու է աճել:
Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ սադրանքները. «Ապրիլի 24-ին ընդառաջ սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ լինելու են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա կլինեն կրակոցներ: Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին թուրքերը կդադարեցնեն այդ գործողությունները»:
Ըստ Կոմանդոսի՝ ադրբեջանցիները ներկա պահին հաջողությունների հասնելու հնարավորություններ չունեն: Հարցին՝ ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ են իրականացնում, բայց մեծ հաշվով ռազմավարական նշանակության խնդիր իրենց համար չեն լուծում և ավելի լուրջ գործողությունների գնալու դեպքում ինչպիսի՞ կորուստների մասին կարող է խոսք լինել, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Հաշվի առնելով երկու կողմերի սպառազինությունը երկու կողմերից էր մարդկային լուրջ կորուստներ կլինեն, բայց եթե աշխարհագրական տեսանկյունից նայենք, ապա Արցախի ուղղությամբ հարյուր «սնարյադը» ավելի քիչ արդյունավետ կլինի, քան Արցախի կողմից տասը «սնարյադ» Ադրբեջանի ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ