Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. «Մթնոլորտ, որը ձեւավորում է պատվեր». «168 ժամ»

Մարտ 24,2015 12:16

Հայաստանում նույնպես օրակարգային է գտնել պատասխանը, թե ինչու է հնարավոր այս կամ այն զարգացումը, միտումը։ Ինչպես է դա հնարավոր 21-րդ դարում, անկախության 25-րդ տարում։ Հայաստանում նույնպես վերջին շրջանում մենք ականատես ենք լինում հանրային, հրապարակային գործիչների ծեծի, առևանգման դեպքերի, ցուցադրական քրեական հաշվեհարդարների, խմբակային ռազբորկաների, հրապարակային պատվերների, հանրային գործիչների հրապարակային, զանգվածային ինքնանվաստացման դրվագների, քաղաքական դևալվացիայի և այլն։ Իմ խորին համոզմամբ՝ սրանք հետևանք են Հայաստանում ձևավորվող նոր մթնոլորտի։ Մի մթնոլորտ, որտեղ հսկայական դեր են կատարում ագրեսիվ, ուղղորդվող լրատվական հոսքերը, մարդկանց վարկաբեկելու պատվերների հեշտ կայացումն ու իրականացումը։ Մի մթնոլորտ, որտեղ սկզբունքներ, տեսակետներ փոխելը մեկ շաբաթվա խնդիր է։ Մթնոլորտ, որտեղ խաղի կանոն է տարբեր աշխատասենյակներում նույն հարցի շուրջ տարբեր հայացքներ ունենալը։ Բայց սա ամենակարևորը չէ։ Սա, մեծ հաշվով, հետևանք է երկրում ստեղծված մի այլ հասարակական մթնոլորտի, որը բնութագրվում է երկու բառով՝ հուսահատություն և անտարբերություն։

Շատ կարևոր է հասկանալ, թե որ գործոններն են առավել մեծ ազդեցություն ունենում ներհայաստանյան հասարակական տրամադրությունների և մթնոլորտի վրա, որոնք են այդ մթնոլորտի հիմնական բնութագրիչները, և ինչի կարող է դա հանգեցնել։

Հայաստանի բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է աղքատության մեջ։ Դա մոտավորապես 950 հազար մարդ է։ Մոտ 100 հազարն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Մոտ 250 հազար մարդ ստանում է նվազագույն՝ հիսուն հազար դրամ աշխատավարձ։ Սրան պետք է ավելացնենք արտագաղթի ցուցանիշները՝ այլ երկիր տեղափոխվելու որոշում կայացրած և դրա իրականացումը կոնկրետ քայլերով սկսած մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիներին, ու նաև նրանց, ովքեր ունեն ցանկություն հեռանալու, բայց դեռևս չունեն կոնկրետ տարբերակների վերաբերյալ որոշում և ծրագիր։ Ակնհայտ է, որ այս թվերի հետևում պետք է լինի լրջագույն անհատական կամ զանգվածային մոտիվացիա։ Այդ թվում՝ սոցիալական խնդիրները, հայրենիքում զարգանալու, ինքնադրսևորվելու հեռանկարի բացակայությունը։

Սրանք մեր հասարակության բնորոշիչներն են։ Եվ կարիք չկա մանրամասն հիմնավորելու, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր առնչվում է դրան։ Ի՞նչ հասարակական մթնոլորտ կարող է ձևավորվել նման օբյեկտիվ կամ թեկուզ կիսաօբյեկտիվ ցուցանիշների պարագայում։ Ի՞նչ հանրային պատվեր կարող է ձևավորել այսպիսի հասարակությունը։ Այսպիսի պայմաններում չի կարող ձևավորվել կրթության, արվեստի, ներհասարակական հանդուրժողականության, զսպվածության պատվեր կամ մթնոլորտ։ Ընդհակառակը՝ օր օրի մեծանում է հասարակական և անհատական չարությունը, անհանդուրժողականությունը։ Ի՞նչ մթնոլորտ կարող է ձևավորվել երկրում, երբ հասարակությունը վստահ է, որ ինքն ընտրությունների միջոցով չի կարող փոփոխություններ իրականացնել։ Սա համատարած ապատիայի համար լրջագույն խթան է:

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031