Մարտի 21-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանի կողմից:
Միջոցառումը սկսվեց ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես եկավ Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը:
Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ