ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով վիճակագրական վարչության օրերս հրապարակած տվյալները տնտեսական անկման ու գործազրկության առնչությամբ, փաստեց, որ արտաքին առևտրաշրջանառությունը, անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ, ընկել է 28, արտահանումը՝ 25, ներմուծումը՝ 28,5 %-ով, 19 %-ով ավելացել է գործազուրկների թիվը։ Պատգամավորն առաջարկեց հակաճգնաժամային կառավարման օրակարգով անհապաղ խորհրդարանական լսումներ անցկացնել, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մեր ազգաբնակչությանը մի ապակողմնորոշեք, եթե խնդիր ունեք՝ ներկայացրեք, քննարկենք»։ Փաստորեն, պաշտոնական մակարդակով հրապարակված թվերը, ըստ խորհրդարանի խոսնակի, «ապակողմնորոշում» են հանրությանը։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։
– Ոչ վաղ անցյալում ՀԱԿ-ը կառավարման ճգնաժամերին առնչվող նախագիծ էր ներկայացրել, որը քննարկվեց, սակայն ոչինչ չփոխվեց, նոր լսումներն ի՞նչ կտան։
– Պատկերացրեք, որ այս երկու ամսում վիճակը կտրուկ վատացել է։ Բայց մեր խնդիրն այն չէ, որ երկիրը պայթի, մենք էլ ասենք՝ տեսա՞ք, պայթեց՝ ձե՛ր մեղքով։ Ասում ենք՝ սթափվեք, խելքի եկեք, այս թվերի հետ հաշվի նստեք, տեսեք ինչ է կատարվում։ Մենք եղել ենք իշխանություն, գիտենք՝ իշխանությունը ցնցումներով տապալելը վտանգավոր է, դրա համար էլ խոհեմության կոչ ենք անում։ Եթե երկիրը երկու-երեք ամսում տարբեր ցուցանիշներով տասից ավելի տոկոսով կորուստներ է ունենում, պետք է Անվտանգության խորհուրդն առնվազն նիստ հրավիրի երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու համար։
– Վարչապետի հրաժարականի պահանջը կարո՞ղ է լուծումներից մեկը լինել։
Կարդացեք նաև
– Ոչ, դա լուծում չէ։ Սա լուրջ համակարգային խնդիր է։ Կա՛մ Հայաստանում պետք է շատ արագ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություններ, որոնք հանրային վստահություն կվայելեն, կա՛մ ներկա իշխանությունները պետք է խելքի գան ու հակաճգնաժամային ծրագիր իրականացնեն։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում