Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մարսելում

Մարտ 24,2015 11:42

Մարտի 19-ին Մարսելի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, բացվեց «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը` Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման) կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, պատմության թանգարանի տնօրեն Լորան Վեդրինը, A.RA.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ցուցահանդեսում ներկայացված են Մարսել ժամանած Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ, մեծ թվով անձնագրերի, ծննդյան, ամուսնության, փախստականի, Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականների բնօրինակներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր այլ փաստաթղթեր:

A.RA.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանն իր ելույթում նշեց, որ երբ 1915-1917թթ. Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացվեց 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն, մի կերպ մազապուրծ եղած հայերը բնակություն հաստատեցին Մարսելում և կարողացան ամբողջապես ներգրավվել, ինտեգրվել քաղաքի կյանքին, նպաստել տնտեսական զարգացմանը: Դրա վառ ապացույցն է ցուցահանդեսում ներկայացված լուրջ, երբեմն սարսափած, բայց արժանապատիվ դեմքերով մարդկանց լուսանկարները: Եվ այսօր նրանց ժառանգները դարձել են Մարսելի լիիրավ, արժանապատիվ քաղաքացիներ:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելահայության համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ: Նա կարևորեց, որ Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:

Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը լուսաբանեց ցուցահանդեսի բացումը, իսկ «La Provence» օրաթերթի հաջորդ օրվա համարում «Ցեղասպանությունից փրկված 100 դիմանկարները պատմում են հայկական աքսորի մասին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրվեց:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031