«Առավոտին» հայտնի դարձավ, որ նախօրեին նորաբաց գրասենյակում տեղի է ունեցել «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խմբի նիստը, որի ընթացքում վերջնական որոշում է կայացվել այն հիմնադրել որպես ընդդիմադիր քաղաքական կուսակցություն: Հիշեցնենք, որ նորաստեղծ կառույցի հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը դեռ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել:
Օրերս «Առավոտը» գրել էր, որ Ուրիխանյանը հավանաբար չի շարունակի իր գործունեությունը ԲՀԿ-ի կազմում, եթե վերջինս շեղվի իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների պահանջի իր օրակարգից: Չնայած ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն, մեր տեղեկություններով՝ կուսակցության շեշտադրումների կտրուկ մեղմացումը Ուրիխանյանին ստիպել է հանդես գալ նոր կառույցի ստեղծմամբ: Ի դեպ, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Տիգրան Ուրիխանյանը հանդես է գալու հայտարարությամբ: Ըստ մեր աղբյուրի՝ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից պարզաբանել իր հետագա անելիքները, որոնց մասին վերջին օրերին համառորեն լռում է:
«Առավոտ» օրաթերթ
24.03.2015