ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցությանը հայտարարեց ընդդիմադիր։ ՝
– Դուք այսօր հայտարարեցիք, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, նաեւ ասվում է, որ ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմություն է լինելու։ Ի՞նչ է դա նշանակում։
– Ես ընդհանրապես ձեռնպահ կմնայի կառուցողական, ոչ կառուցողական ձեւակերպումներից, որովհետեւ ընդդիմությունը ընդդիմություն է։ Իմ գործընկերները մի քիչ այլ կոնտեքստում են այդ ձեւակերպումը տվել, որն այնուհետ շահարկվեց լրատվամիջոցների կողմից։ Մենք լինելու ենք նորմալ, առողջ ընդդիմություն, այսինքն մենք շարունակելու ենք բարձրաձայնել երկրի առջեւ ծառացած լրջագույն համակարգային խնդիրների մասին, շարունակելու ենք փնտրել, գտնել ճանապարհներ այդ խնդիրները լուծելու համար, եւ այն քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն հարցում մեզ հետ կլինեն համախոհներ, մենք պատրաստ ենք գտնել համագործակցության եզրեր։
Ի՞նչ է նշանակում առողջ ընդդիմություն, շատ հասարակ օրինակ բերեմ՝ եթե Սերժ Սարգսյանը իր մտահոգությունն է հայտնում, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ծանր սպառազինություն է վաճառում Ադրբեջանին եւ դա մտահոգիչ է եւ այդ խնդիրը պիտի բարձրաձայնվի, մենք ասում ենք, որ կիսում ենք այդ տեսակետը եւ չենք ասում, որ մենք չենք պաշտպանելու այդ տեսակետը, որովհետեւ դա ասել է Սերժ Սարգսյանը։ Մեզանում այդպիսի ընդդիմության տեսակ էլ կա, որ նույնիսկ այն ռացիոնալը, ինչը ասում է իշխանությունը, իրենք մերժում են միայն այն պատճառով, որ դա ասել է իշխանությունը։
Կարդացեք նաև
Ի՞նչ է նշանակում առողջ, նորմալ ընդդիմություն՝ դա նշանակում է, որ երբ քեզ հրավիրում են, օրինակ, սահմանադրական փոփոխությունների ընդամենը հայեցակարգի վերաբերյալ քո տեսակետը հայտնելու, մենք ասում ենք, որ պետք է գնալ եւ վերահաստատել, թե ինչու ենք մենք այս պահին գտնում, որ խորհրդարանական համակարգին անցնելը իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում։ Ահա սա նկատի ունեմ ես, երբ ասում եմ, որ մենք գործելու ենք առողջ, ընդդիմադիր դաշտում՝ առանց կուլ գնալու այս կամ այն ուղղորդվող հանրային խեղաթյուրված կարծիքին, թե ինչ կասեն ԲՀԿ-ի մասին։ Մենք հիմա շարունակում ենք աշխատել մեր քաղաքական օրակարգի վրա, որոշակի մարտավարական փոփոխություններ, իհարկե, կլինեն, որովհետեւ ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել եւ որեւէ մարտավարական փոփոխություն ԲՀԿ-ում չի լինելու, առնվազն միամտություն կլինի, բայց, իհարկե, մեզ որոշակի ժամանակ է պետք՝ հաշվարկելու մեր ունեցած ռեսուրսները եւ աշխատելու մեր նոր ծրագրի եւ նոր մարտավարության վրա։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում