Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ականատեսների վկայությունները 100 վայրկյանում

Մարտ 23,2015 20:55

«Մեդիամաքս» մեդիա ընկերությունն այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացրեց «100 վայրկյան» նախագիծը, որը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց (գրողներ, երաժիշտներ, դերասաններ, լրագրողներ), առաջարկվել է կարդալ 100 վայրկյան տևողությամբ հատվածներ վկայություններից: Արդյունքում նկարահանվել են 24 տեսահոլովակներ, որոնք մարտի 23-ից ապրիլի 23-ը կներկայացվեն հանրությանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը չորս հիմնական սյուների վրա է կառուցվում՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: «100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում է «հիշողություն» բաժնում: Ցեղասպանությունը վերապրածների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այդպիսով կարող ենք ցույց տալ՝ ինչպես է այս հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք»,- նախագծի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«1,5 միլիոն զոհերի մասին խոսելիս մենք, երբեմն, չափազանց վիճակագրորեն ենք մոտենում ողբերգությանը՝ մոռանալով, որ այդ 1,5 միլիոնը կոնկրետ մարդիկ էին, և գործ ունենք միլիոնավոր մարդկային ողբերգությունների հետ: Ցեղասպանությունը, ի վերջո, ոչ միայն ազգային, այլև անձնական ողբերգություն էր»,- հավելեց «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը, ինչպես նշեց պարոն Թադևոսյանը, աշխարհի ուշադրությունը հայերի՝ 100 տարի առաջ կրած տառապանքների վրա հրավիրելն է: «Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ և լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն բան՝ նոր ցեղասպանություններից խուսափելու համար»,- կարծում է «Մեդիամաքս»-ի տնօրենը:

Դառնալով նախագծի՝ վկայությունը 100 վայրկյանում ամփոփելուն, Ա. Թադևոսյանը նկատեց, որ ժամանակակից աշխարհում մատուցման ձևը պակաս կարևոր չէ բովանդակության որակից: «Ցավոք, մարդիկ այսօր ամբողջական վկայություններ կարդալու ժամանակ չունեն, իսկ 100 վայրկյանը, երբեմն, թույլ է տալիս ասել այն, ինչ ցանկանում ենք»,- ասաց նա:

Նախագծի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ձևակերպմամբ՝ այս նախագիծը յուրահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի մի էջի մասին: «Այն պատգամ է քաղաքակիրթ աշխարհին, որ չպիտի մոռանանք կատարվածը, պիտի հիշենք, պատմենք ու հիշեցնենք բոլորին և եթե չդատապարտենք այն, այդպիսով կքաջալերենք նոր ցեղասպանությունները»,- նշեց պարոն Յիրիկյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031