Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանին յուրաքանչյուր վայրկյան դրության տերը հայ զինվորն է». Իշխան Խաչատրյան

Մարտ 23,2015 19:40

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտի 19-ի միջադեպի ժամանակ ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը, ըստ որոշ տեղեկությունների, 30 հոգուց է կազմված եղել: Նրանք մոտեցել են մեր դիրքերին, ունեցել ենք 3 զոհ, 4 վիրավոր, որոնց վիճակը ծանր է:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը մեր հարցին՝ ինչպե՞ս է հաջողվել, ըստ Ձեզ, 30 հոգով մոտենալ մեր դիրքերին, սա չի՞ խոսում հայկական կողմում զգոնության պակասի մասին՝ պատասխանեց. «Քանի որ թշնամու կողմից կազմակերպված դիվերսիոն հարձակումները նպատակ են հետապնդում ոչ միայն ստուգել հայկական զինուժի զգոնությունը, այլ նաեւ գրավել հայկական դիրքեր, այդ պատճառով ադրբեջանական դիվերսիոն խմբերը բաղկացած են լինում մի քանի տասնյակ զինվորներից: Հայկական զինուժը մշտապես զգոն է, սահմանին թեւածում է հայ զինվորի բարձր մարտական ոգին: Մենք պատրաստ ենք դիմակայել թշնամու հարձակումներին եւ արժանին հատուցել: Ուզում եմ հավաստիացնել, որ թշնամու ցանկացած սադրանք դատապարտված է ձախողման»:

Նա վստահեցրեց՝ «Ե՛վ հայ-ադրբեջանական, ե՛ւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին յուրաքանչյուր վայրկյան դրության տերը հայ զինվորն է, ով գիտակցված հայրենասիրությամբ ինչպես իր տունն է պահում անառիկ, այնպես էլ հայրենիքի սահմանները: Ցավալին այն է, որ այդ մարտական գործողությունների ընթացքում մենք ունենում ենք մարդկային կորուստներ: Ես եւս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի առջեւ»:

Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները նոր բլինդաժներ են փորում  Ներքին Ոսկեպար գյուղի մոտ: Մեր հարցին՝ դա վտանգավոր չէ՞, ինչո՞ւ հայկական կողմը չի խոչընդոտում՝  Իշխան Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի պայմանավորվածությունը, նույնիսկ միջազգային դիտորդները բազմաթիվ անգամներ արձանագրել են, որ սահմանային լարվածության պատճառն ադրբեջանական կողմի հաճախակի մարտական գործողություններն են: Մեզ արդեն քաջ հայտնի է նրանց կողմից կազմակերպվող դիվերսիոն ներթափանցման գործողությունների ձեռագիրը: Իրենք մշտապես փորել են նոր բլինդաժներ իրենց տարածքում եւ դա որեւէ ռազմավարական նշանակություն չի ունեցել: Իմ խորին համոզմամբ դրանք վտանգ չեն ներկայացնում: Այդ գործողությունները սահմանին կանգնած զինվորի տեսադաշտում են: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի խոչընդոտելուն, ապա պետք է ասեմ, որ մենք դեմ ենք ռազմական գործողություններ ծավալելուն եւ հակված ենք խնդրի լուծման բանակցային տարբերակին, ուստի մեզ մնում է միայն արժանի հակահարված շարունակել հասցնել, ինչը փառքով կատարում է հայ զինվորը:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը այս օրերի լարվածության, դա կապված է մուսուլմանների Նոր տարվա հե՞տ, որն այս օրերին են նշում, թե՞ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության՝ Իշխան Խաչատրյանը պատասխանեց. «Ինչպես նախորդ տարիները, այնպես էլ այս տարին աչքի է ընկնում սահմանային լարվածության թեժացմամբ: Համամիտ եմ, որ հակառակորդի ակտիվացումն ինչ-որ չափով նաեւ պայմանավորված է մուսուլմանների Նոր տարվա հետ, սակայն չեմ կարծում, որ այն կարող է կապված լինել ինչ-որ հայտարարությունների հետ: Սա ալիեւյան գործելաոճի շարունակությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031