Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանումներ սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի վերաբերյալ

Մարտ 23,2015 19:28

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդման մարտի 22-ի թողարկման ժամանակ անդրադարձ էր կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N375-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական ծառայությունների կազմակերպման կարգում տեղի ունեցած փոփոխություններին։ Նախատեսված տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություններն իրականացվում են 2015 թվականի հունվարի 1-ից։

Մինչ հաղորդումը պատրաստելը ՀՀ առողջապահության նախարարությունը ծանոթացրել էր ծրագրի էությանն ու նպատակներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, սակայն հեռուստահաղորդումը դիտելուց  հետո ակնհայտ դարձավ, որ իրենց կողմից թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Այդպես ենք կարծում, քանզի հեռու ենք այն մտքից, որ յուրաքանչյուր հաղորդում սկսելով` ճշմարտացիությունը, արդարամտությունն ու անկողմնակալությունը որպես սեփական հավատամք ներկայացնող լրագրողական անձնակազմը կգնար փաստերը խեղաթյուրելու ճանապարհով։

Սկսենք նրանից, որ հաղորդավարն ընդգծում է. «Եթե պոլիկլինիկայում Ձեզ մոտ առողջապահական որևէ խնդիր չհայտնաբերեն, ապա որպես սոցիալական փաթեթի շահառու, Դուք չեք կարող օգտվել հիվանդանոցային անվճար ծառայություններից»։ Սա ապակողմնորոշող տեղեկատվություն է։

ՀՀ առողջապահության նախարարությունը պարտադրված է պաշտոնապես ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ քննության ընթացքում հիվանդությունների հայտնաբերումը կամ չհայտնաբերումը չի ազդում հետագայում հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նրա իրավունքի վրա: Շահառուն կարող է հիվանդանոցային բուժում ստանալ անկախ կանխարգելիչ քննության արդյունքներից (հայտնաբերված կամ չհայտնաբերված հիվանդություններից)։ Սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Իսկ եթե տվյալ տարում չի անցել կանխարգելիչ քննություն, ապա հիվանդանոցային բուժում կարող է անցնել նախարարի հրամանով հաստատված չափորոշիչում նախատեսված դեպքերում (անհետաձգելի դեպքեր, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակներ, պետական պատվերի այլ ծրագրերով նախատեսված դեպքեր): Նաև տեղեկացնենք, որ այս կարգը գործում է 2016 թվականից։ Այնպես որ, շահառուները մինչև տարեվերջ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու  ժամանակ ունեն։ Նախարարությունն այս կերպ ցանկանում է մեր երկրի բնակչության մի խմբի` սոցփաթեթի մոտ 90 հազար շահառուների շրջանում սեփական առողջությանը հետևելու մշակույթ ձևավորել։

Սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումը առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է և միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերմանն ու կանխարգելմանը։ Հիշեցնենք, որ մեր երկրում 90 տոկոս դեպքում հիվանդացության և մահացության  պատճառը  ոչ վարակիչ հիվանդություններն են։ Եվ չենք կարող համաձայնել  այն կարծիքի հետ, թե անհրաժեշտ էր նախ պոլիկլինիկաները հագեցնել, համալրել որակյալ կադրերով, դեռ մի քանի տարի էլ սպասել մինչև վստահություն ձևավորվի առողջության առաջնային օղակի նկատմամբ և նոր միայն  նման ծրագիր իրականացնել։ Ճիշտ հակառակը` սա միաժամանակ պոլիկլինիկական ծառայության բարելավմանը նպաստող ծրագիր է։ Բացի այդ, արդյո՞ք, հաշվի է առնվել, թե այդ ընթացքում սոցիալական փաթեթի քանի շահառուի մոտ ոչ վարակիչ հիվանդություններն աննկատ  կզարգանան։

Հիշեցնենք, որ 2007թ.-ից մեր երկրի քաղաքացիներն առողջության առաջնային օղակի ծառայության ազատ ընտրության իրավունք ունեն։  Հետևաբար պոլիկլինիկաներն իրենք պետք է շահագրգռված լինեն որակյալ ծառայություն մատուցելու, իսկ հիմնադիրներն էլ` դրանք վերազինելու և նորմալ պայմաններ ստեղծելու։ Գաղտնիք չէ, որ մեր շատ պոլիկլինիկաներ այս ուղղությամբ դեռևս   խնդիրներ ունեն։ Սակայն «Սուր անկյունն» այնպես է ներկայացնում, կարծես Հայաստանի պետական բոլոր պոլիկլինիկաներում ոչ միայն ոչ բավարար, այլև «վտանգավոր» պայմաններ են և  բնակչությանն ուղղորդում դեպի մասնավոր կլինիկաներ` չզլանալով ձեռքի հետ կոնկրետ մասնավոր կլինիկա գովազդել։

Ինչ վերաբերում է ուղեցույցին, ապա այն  կարևոր տեղեկատվություն է պարունակում շահառուների բժշկական օգնության փաթեթում ներառված ծառայությունների, դրանց ուղեգրման կարգի, պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանց խմբերի, պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների ցանկի վերաբերյալ և այլն: Ուղեցույցում ներառված տեղեկատվությունը շուրջ 90 տոկոսով չի փոխվել և շարունակում է մնալ արդիական։  Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1483-Ն որոշմամբ սոցիալական փաթեթի կարգում կատարված փոփոխությունները՝ արդեն իսկ պատրաստվել է ուղեցույցի նոր, լրամշակված տարբերակը, որը հաստատվելուց հետո կտեղադրվի  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում, այդ մասին կտեղեկացվեն շահագրգիռ բոլոր մարմինները, ինչը թույլ կտա սոցիալական փաթեթի շահառուներին անհրաժեշտության դեպքում ներբեռնել ուղեցույցը կայքից և ծանոթանալ դրա հետ:

Ի դեպ, ուղեցույցի տպագրության համար 2014 թվականի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն տրամադրվել։ Այն տպագրվել է առողջապահության ոլորտին բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների շրջանակում:

Իսկ կադրերն ընդհանուր հարցազրույցից կտրելով տպավորություն ստեղծել, թե ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության ղեկավարը ևս համաձայն է այն մտքի հետ, թե գումարներն ապարդյուն են ծախսվել` էթիկական խնդիր է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031