Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մոր բողոքը քննիչի դեմ, դատավոր Ավետիսյանը մերժեց (Տեսանյութ)

Մարտ 23,2015 18:04

Այսօր դատավոր Ավետիսյանը մերժեց իր երեխային իրենից ապօրինի բաժանելու համար պայքարող Նարինե Նիկողոսյանի բողոքը:

Նարինե Նիկողոսյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել, պահանջով` վերացնել Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը:

Նարինե Նիկողոսյանի փաստաբան Անի Թորոսյանը դատարանում ներկայացրեց, որ քննիչ Առաքելյանը բավարար քննություն չի կատարել, փաստաթղթերին բավարար ուշադրություն չի դարձրել, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակել, պարզելու` Էդիսոն Ադյա՞նն է Նարինե Նիկողոսյանի երեխայի հայրը, որն ըստ Նարինեի, խաբեությամբ եւ ապօրինի իրենից բաժանել է իր երեխային:

Նիկողոսյանի ներկայացուցչի խոսքերով` քննիչը Նարինեին գործով տուժող չի ճանաչել, այլ ընդամենը վկա է ներգրավել, ինչով, ըստ էության հեռու է պահել Նիկողոսյանին գործի մանրամասներից:

edison-adyan

Փաստաբանի ներկայացմամբ` քննիչը նաեւ գործում ներառված անձանց հեռախոսազանգերին գնահատական չի տրվել, մասնավորապես` Նարինե Նիկողոսյանի, բժիշկ Կալուստյանի եւ Էդիսոն Ադյանի զանգերի մասին է խոսքը: Ըստ փաստաբանի, բժիշկ Կալուստյանը կարճ ժամանակահատվածում թվով 70 հեռախոսազանգ է կատարել Նարինե Նիկողոսյանին, իսկ դատահոգեբանական եզրակացության մեջ փորձագետը գրել է մի բան, հետեւությունը եղել է լրիվ այլ բան:

Էդիսոն Ադյանի ներկայացուցիչ Մնացականյանն էլ ասաց, որ Նիկողոսյանի բողոքն անհիմն է. «Ադյանը երեխային խնամել է, խնամում է, եւ շարունակելու է խնամել»: Ադյանի ներկայացուցիչը նաև զարմանք հայտնեց եւ ասաց, որ իր համար անհասկանալի է Նիկողոսյանի եւ նրա փաստաբանների այն պնդումը, որ դատագենետիկական փորձաքննությամբ գործի քննության էական նշանակության հանգամանքներ կպարզվեր. «Ո՞րն է այդ հանգամանքը: Ներկա դրությամբ Ադյանը հանդիսանում է երեխայի հայրը: Ինչո՞ւ պետք է Ադյանը հոգ տաներ, եթե երեխայի հայրը չէր»:

Մանրամասն` տեսանյութում

Դատավորը Նարինե Նիկոսյանից հետաքրքրվեց` Նիկողոսյանը ցանկանում է, որ երեխային վերադարձնե՞լ, թե պատասխանատվության ենթարկել Ադյանին եւ մյուսներին, Նիկողոսյանն ասաց` «Ես ցանկանում եմ իր երեխային վերադարձնել եւ, շատ եմ ուզում ճշմարտությունը բացահայտվի»: Դատավոր Ավետիսյանն էլ նկատեց` «Ճշմարտությունը հեշտ չէ բացահայտել, քանի դեռ դուք անկեղծ չեք, Ադյանն անկեղծ չէ, բժիշկն անկեղծ չէ, եւ չեք ցանկանում ասել, թե իրականում ինչ է կատարվել»:

Մանրամասն` տեսանյութում

Դատավորը Ադյանից էլ հետաքրքրվեց` պատրա՞ստ է գնալ դատագենետիկական փորձաքննության, վերջինս որեւէ հստակ պատասխան չտվեց, բայց այս դատական նիստին էլ կրկնեց` «Երեխայի հայրը արաբ էլ լինի, պարսիկ էլ լինի, ինքը շարունակելու է հայրություն անել, խնամել»:

Դատավորի`Նարինե Նիկողոսյանի բողոքի մերժումից հետո, Ադյանն Aravot.am-ին ասաց` «Արդարությունը հաղթում է միշտ»:

Իսկ Նարինե Նիկողոսյանն էլ ճիշտ հակառակն ասաց` «Անարդար որոշում էր, շարունակելու եմ պայքարել»:

Մանրամասն` տեսանյութում

Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ Նարինե Նիկողոսյանը վստահեցնում է, որ իր նորածին երեխային իր ծանոթ Էդիսոն Ադյանը գողացել է երեխային, խաբեությամբ իրենից բաժանել է հենց ծննդատնից դուրս գրվելու օրը, եւ արդեն մոտ 2 տարի է՝ մայրը փոքրիկին չի տեսել: Երեխայից բաժանվելուց 6 ամիս հետո Նարինե Նիկողոսյանը դիմել է ոստիկանություն, սակայն վերջինս որոշ ժամանակ գործը քննելուց հետո այն կարճել է` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

Էդիսոն Ադյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անցյալ տարի դեկտեմբերի 26-ի հրապարակման մեջ  վստահեցրել է, որ ինքն է երեխայի հայրը, իսկ Նարինե Նիկողոսյանը բոլոր փաստաթղթերն ինքնակամ է ստորագրել, ինչպես նաեւ երեխայի խնամքն ու դաստիրակությունն էլ ինքնակամ, նոտարի հաստատմամբ հանձնել է Ադյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031