«Լինում է, չէ՞, որ որևէ հայտնի ռեժիսոր զանգ է տալիս մի դերասանի և ասում՝ այս դերը պիտի կատարես, ու այդ զանգը դերասանի համար դառնում է ամբողջ կյանքի հիշողություն: Ինձ համար այդպիսին էր Սեդրակ Երկանյանի զանգը: Շատ հաճելի անակնկալ էր, երբ նա զանգահարեց ու ասաց, որ ցանկանում է բեմականացնել իմ հեղինակած օպերան»,- ասում է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը:
Խոսքը իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրությունների («Записки Марии Волконской») հիման վրա Է. Սադոյանի գրած մոնոօպերայի մասին է, որը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) պատրաստվում է մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, բեմադրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մարիա Վոլկոնսկայայի կերպարը կմարմնավորի միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Էկա Հորստկան (սոպրանո):
Մոնոօպերայի հեղինակի համար Ս. Երկանյանի զանգը մեծ անակնկալ է եղել, որովհետև նա շատ երկար է սպասել այս օրվան. «Ես մոտ 35 տարի առաջ եմ գրել այս օպերան: Այն բազմիցս կատարվել է, բայց դրանք բոլորն էլ համերգային կատարումներ են եղել, և ես երկար տարիներ սպասել եմ, թե վերջապես ե՞րբ պիտի այս օպերան բեմադրվի: Ահա, Աստված ուղարկեց Էկա Հորստկային ու Սեդրակ Երկանյանին, որոնք կյանք տվեցին իմ ստեղծագործությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Է. Սադոյանը:
«Մ. Վոլկոնսկայայի հուշագրությունների հիման վրա գրված օպերան ներկայացնելու պահը հասունացել էր հոգուս, մտքիս, ականջներիս մեջ: Տեսիլքներս ողողված էին Մարիայի կերպարով ու էդուարդ Սադոյանի երաժշտությամբ»,- իր ընտրությունն այսպես բացատրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը: «Ինձ գրավեց այս երիտասարդ կնոջ զոհողության աստիճանը: Այն, թե ինչպես հազիվ մի քանի ամիս ամուսնացած կինը կարող է թողնել իր երեխային, բարեկեցիկ կյանքը, տիտղոսները ու հետևել աքսորված ամուսնուն: Սիրող, անձնազոհ կին ու մայր. սրանք այնպիսի բաներ են, որոնք չէին կարող ինձ՝ որպես տղամարդու և որպես արվեստագետի չհետաքրքրել»,- հավելեց Ս. Երկանյանը:
Կարդացեք նաև
Մ. Վոլկոնսկայայի կերպարը մարմնավորող Էկա Հորստկան ասում է, որ երբեմն վիճում է Մարիայի ու ինքն իր հետ, թե ինչպես կարելի է թողնել նորածին որդուն և գնալ ամուսնու հետևից. «Այն ամուսնու, որին անգամ չես ճանաչում,- ընդգծեց նա.- այո, իրականում չէր ճանաչում, որովհետև ինչքան ես խորանում եմ հուշապատումների մեջ, հասկանում եմ, որ Մարիա Վոլկոնսկայայի նկատմամբ անգամ վստահություն չուներ ամուսինը, որովհետև նա վերջինն է իմանում՝ ինչ է տեղի ունեցել: Մի խոսքով՝ շերտերը բազմաթիվ են, և դա ինձ գունային մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանամ արտահայտել այդ կերպարը»:
Է. Հորստկայի համար Մարիայի կերպարում ամենաանհասկանալին այն է, որ նա հուշապատումները գրում է իր որդու խնդրանքով, և ամբողջ ընթացքում մենք զգում ենք անսահման մայրություն, անսահման խորություն, բայց, այդուհանդերձ, նա կարողանում է թողնել իր առաջնեկին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ