Մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ազատ են արձակել Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանին: Հիշեցնենք, որ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր Հարություն Գրիգորյանի հարևանը՝ 36-ամյա Արման Կատունյանը, որը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր: Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն, սպանության պատճառը եղել էր Կատունյանի կինը:
Aravot.am-ը Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե արդյոք ազա՞տ են արձակել վերջինիս: Պարոն Վարոսյանն ասաց. «Ստացվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի, Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Ստացված եզրակացության հիման վրա Ա.Կատունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով և 235-րդ հոդվածով: Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, ընտրվել է նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին»:
Հիշեցնենք, որ սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այսինքն` նա մեղադրվում էր դիտավորյալ սպանություն կատարելու մեջ և 235 հոդվածի 1-ին մասով, որը կոչվում է «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
104 հոդվածը այժմ փոխվել է, Կատունյանին մեղադրանք է առաջադրվել 105 հոդվածով: Այն կոչվում է «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը», նախատեսում է . «1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողությունների (անգործության) հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ