Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ գործարարները հայտնվում են «սեւ ցուցակում» (Տեսանյութ)

Մարտ 23,2015 16:14

Դրամի արժեզրկման, դոլարի թանկացման պատճառով Սիրիայից Հայաստան գաղթած սիրիահայ գործարարները ստիպված կլինեն բիզնեսը փակել, եթե կառավարությունը չընդառաջի ու վարկերի գումարը գոնե վեց ամսով չսառեցնի: Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում 4 սիրիահայ  գործարար, որոնք ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկ են վերցրել եւ ոսկերչությամբ, տեքստիլ արտադրությամբ են զբաղվում, ներկայացրին իրենց խնդիրները:

Գործարարները պատրաստ են վարկի տոկոսները վճարել, սակայն կառավարությանը խնդրում են մայր գումարի մարման համար ժամանակը երկարաձգել, որպեսզի մի քանի այլ սիրիահայ գործարարների նման չհայտնվեն «սեւ ցուցակներում»: Նրանց խոսքերով, այսօր որոշ իրենց գործընկերներ չեն կարողանում վարկերի տակից դուրս գալ, այդ պատճառով բանկերում ընկել են անպարտաճանաչ հաճախորդների ցանկում:

Սիրիահայ գործարարները ՓՄՁ աջակցման վարկը ստացել են արտոնյալ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով, սակայն այդ պայմաններում, նույնիսկ, չեն կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ, ինչպես նրանք են նշում, ապրում են վարձով, կոմունալ վճարումներ են կատարում, եւ հետն էլ ապրուստի հարցերն են հոգում:

Սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը, որը բիզնեսում 38 տարվա փորձառություն ունի, մեր երկրում տեքստիլ արտադրություն է հիմնել եւ 28 մարդու աշխատանքով ապահովել, սակայն այսօր ոչ մի կերպ չի կարողանում հարկերի վարկերի ու վարձակալած տաղավարի վարձավճարների տակից դուրս գալ: Նրա խոսքերով. «Մինչ դրամ-դոլար հարցերը վարկային ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց այս ընթացքում շատերը կունենան, գումարը քիչ էր, ժամկետները սուղ են, ճիշտ է տոկոսադրույքը շատ նպաստավոր է, բայց այդուհանդերձ չենք կարողանում վճարել: Այդ պատճառով կառավարությանը խնդրում ենք ժամանակ տա մեզ, որ մենք էլ շատերի նման չհայտնվենք «սեւ ցուցակում»: Մենք այն ժամանակ ասում էինք մեզ գործ տան, ոչ թե փող»:

Գործարարների խոսքերով պետությունը խոստացել էր շուկաներ գտնել, որպեսզի ապրանքը սպառվի, սակայն ոչինչ էլ չի արել: Ըստ սիրիահայ գործարարների, իրենց խնդիրը ներկայացնելու համար փորձել են հանդիպել ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենին, սակայն նա այդպես էլ ժամանակ չի գտել գործարարներին ընդունելու: Գործարարներն ասացին, որ պատրաստվում են միանալ եւ վարչապետին նամակ գրել: Ըստ նրանց նամակի տակ կստորագրի մոտ 125 գործարար, որոնք նույնպես Սիրիայից փախստական են եւ Հայաստանում գործ են սկսել:

ՓՄՁ վարկերը տրվում են երաշխավորությամբ եւ եթե գործարարները չկարողանան այն մարել, ապա պատասխանատվություն կրում են երաշխավորները: Գործարարների խոսքերով, իրենք արդեն «ամոթով» են մնացել այն մարդկանց առաջ, որոնք երաշխավորել են վարկի համար: Միքայել Կարապետի խոսքերով. «Մենք չենք ուզում սեւ մարդու անուն ունենալ, ե’ւ բանկերում ե’ւ նրանց մոտ, որը մեզ երաշխավոր է կանգնել: Մարդկանց տները կալանքի տակ են, մենք չենք ուզում վատամարդ լինել: Մենք չենք ցանկանում վատություն անել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031