Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայ զինվորը մտահոգվում է, որ ադրբեջանցի զինվորը իր վրա կրակում է ռուսական զենքից, եւ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք դա ուշացած հայտարարությո՞ւն չէր, պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:
«Ի վերջո ժամանակն է դրա մասին խոսել, եւ դա պետք է անի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ բոլորը: Նա ճիշտ ասաց, որ դա խնդիր է եւ այդ խնդիրը պետք է լուծվի: Իհարկե, նա չասաց, թե ոնց պետք է լուծվի»:
Պրն Մեհրաբյանի խոսքով՝ հարցի լուծումը պետք է առարկայորեն քննարկվի եւ շոշափելի արդյունք ունենա. «Ես չեմ կարծում, որ այն ինչ անում է Ռուսաստանը, ինչ-որ պատահականություն է, միանվագ գործարք է: Դա ռազմավարություն է, որը Ռուսաստանը որդեգրել է եւ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի մի հայտարարությամբ նա իր ռազմավարությունը կփոխի տարածաշրջանում: Ընդ որում՝ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ Ռուսաստանի տարածաշրջանային կուրսին: Այնպես որ, Հայաստանը պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ, որովհետեւ, այո՛, ռուսական զենքն է մեր սահմաններին սպանում հայ զինվորին»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ