Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Շարմազանովին. «Լիարժեք անկեղծ չեք, ասեք, որ ձեր մեջ խիղճը բարձրացավ»

Մարտ 23,2015 15:54

Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված 1915-1923 թթ Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Շարմազանովին դիտողություն արեց՝ ասելով, որ դուք լիարժեք անկեղծ չեք, երբ ասում եք, թե 4 տարի եք աշխատել նախագծի վրա:. «Թե ինչու անկեղծ չեք, չգիտեմ: Ցանկալի կլիներ ներկայացնեիք, որ այսպիսի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունն իր առաջին իսկ հայտ ներկայացնելուց է ներկայացրել: Դուք ընդհանրապես դեմ էիք եւ մի քանի անգամ եք դեմ քվեարկել: Եթե անկեղծ լինեք, պիտի ասեք, որ երբ Վահան Հովհաննիսյանի հետ Բրյուսելում էիք, ասորի համայնքի ներկայացուցիչները հարց ուղղեցին՝ ինչու Զարուհի Փոստանջյանի նախագիծը մերժել էիք: Պարոն Հովհաննիսյանը գեղեցիկ ձեւով փորձեց պատասխանել, թե ՀՀԿ-ն ինչպես մերժեց: Լավ է, իհարկե, որ ստանձնեցիք, վերցրեցիք նախաձեռնությունը եւ հիմա ներկայացնում եք: Պետք է անկեղծ լինեք եւ ասեք, որ ձեր մեջ խիղճը բարձրացավ եւ որոշեցիք ինքներդ անեք: Որպես պատմաբան մասնագետի, ուզում եմ իմանալ՝ այդ խիղճը ե՞րբ կարթանանա, որպեսզի եզդիների ցեղասպանությունը նույնպես ճանաչվի: Կան ապացույցներ, դուք գիտեք, ինչու չեք ուզում ներառել դա նույնպես»:

Շարմազանովը պատասխանեց. «Կարիք չկա այստեղ ասել՝ ով խիղճ ունի, ով չունի: Ցանկացած մարդու մեջ լինում է խիղճ: Իմ վաղամեռիկ գործընկերոջ հետ, այո, ես եւ Վահան Հովհաննիսյանը հանդիպել ենք ասորիների եւ հույների հետ: 2011-ին դեռեւս այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց աշխարհի բոլոր պառլամենտներին, որ դատապարտեն ոչ միայն հայ, այլեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Դա եղել է բոլորի կարծիքը: Ես իմ խոսքում ՀՀԿ անուն չեմ տվել, ասացի, որ շնորհակալություն եմ հայտնում բոլոր 6 խմբակցություններին: Եթե ձեր կարծիքով «Ժառանգությունն» այդ 6 խմբակցությունների մեջ չի մտնում, դա ձեր խնդիրն է: Պետք չի կուսակցականացնել, թե ով է շուտ արել: Ինչ վերաբերում է եզդիներին, դուք իմ փոխարեն մի ասեք՝ ես համոզված եմ փաստեր կան, թե չկան: Ես որպես պատմաբան որեւէ փաստի չեմ տիրապետում եւ չեմ ճանաչում մի պատմաբանի, որը տիրապետում է ամբողջական փաստերի եզդիների ցեղասպանության մասին: Սա այն հարցը չի, որ պետք է զգացմունքային դաշտ տանել: Պատրաստ ենք քննարկել: Ես չեմ այն վերջին ատյանը, որ պետք է որոշեմ՝ ցեղասպանություն եղել է, թե չէ»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այսօր ինչ-որ չափով մեր նպատակին հասել ենք, չնայած եզդիների ցեղասպանությունը չի ընդգրկվել:

Շարմազանովն էլ պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ կրկնությունը գիտության մայրն է, բայց ես չեմ կարող անվերջ կրկնել պատասխանը, որպեսզի դուք ըմբռնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031