Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պատգամավոր են ուզում դառնալ ոչ թե նորմալ օրենքներ ընդունելու, այլ անձեռնմխելի լինելու համար»

Մարտ 23,2015 15:48

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին եւ դրանց անհրաժեշտությանը, նշեց, որ պետք է ունենալ կատարյալ ճարտարապետական նախագիծ, ի դեմս Սահմանադրության, եւ փորձել պետականակերտման ճանապարհին հնարավորինս մոտենալ այդ կատարյալին: Փոխաբերական իմաստով համեմատելով Սահմանադրությունը շինության հետ, բանախոսն ասաց, որ հիմա անմխիթար վիճակում գտնվող շինություն ունենք:

«Սահմանադրության ակնկալիքները արդարացնելու համար շատ լավ գրագետ Սահմանադրություն ընդունելը եւ ձեռքերը ծալած նստելը ճիշտ չէ: Անհրաժեշտ է ունենալ Սահմանադրությունը կյանքի կոչելու ազգային ծրագիր, որը պետք է լինի մանրակրկտորեն մշակված»,-վստահ է սահմանադրագետը:

Ըստ Վարդան Այվազյանի՝ հիմա ունենք լուրջ հայեցակարգային դեֆոլտ. «Դա այն է, երբ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը գաղափար չունի, թե ինչ է իշխանությունը, կամա թե ակամա օտարվում է իշխանությունից: Ունենում ենք մի վիճակ, երբ իշխանությունները ցանկանում են պետականության հասարակության մոդելը կատարելագործել, ներկայացնել կատարյալ փաստաթուղթ, բայց ընդդիմությունը եւ ժողովուրդը հակված են մտածելու, որ դրա նպատակը սեփական վերարտադրությունն է»:

Բանախոսը վստահեցնում է, որ Սահմանադրությունը կապ չունի վերարտադրման գործընթացի համար. «Սահմանադրությունը վերարտադրվելու առիթ չի կարող հանդիսանալ»:

Ըստ մասնագետի՝ ժողովրդավարության հաստատման համար խորհրդարանական համակարգը ավելի նախընտրելի է. «Այն ավելի արդյունավետ է, քան նախագահական համակարգը: Պարզապես մեզ անհրաժեշտ է լավ հասկանալ ժողովրդավարություն հասկացությունը»:

Վարդան Այվազյանը ներկայիս Սահմանադրության մեջ ժողովրդավարության ոչ ճիշտ ընկալման օրինակ է համարում այն, որ առաջին հատվածում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ հետո միանգամից կարդում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորը անձեռնմխելի անձ է. «Արդյոք սա ժողովրդավարական պետության հայեցակարգի՞ց է բխում, պետություն, որ կարող է հետապնդել պատգամավորին: Դրա համար խեղճ պատգամավորին դարձնում են անձեռնմխելի: Հիմա պատգամավոր են ուզում դառնալ ոչ թե նորմալ օրենքներ ընդունելու համար, այլ անձեռնմխելի լինելու համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031