Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվում է մի շատ ուշագրավ գործի բողոքի քննություն:
Այս գործն արագացված ընթացակարգով ավարտվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հենրիկ Գալստյանն իրեն մեղավոր էր ճանաչել:
Հենրիկ Գալստյանը դատապարտվել էր 4 տարի ժամկետով ազատազրկման:
Հենրիկ Գալստյանը հանդիսացել է ՊՆ թիվ զորամասի կուրսանտական 2-րդ գումարտակի 4-րդ կուրսի կուրսանտ: Նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով, դեռեւս 2012 թ. նոյեմբերի 9-ին, Հրազդան համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում իր բարեկամ Հ. Վարդանյանի հետ գրանցել է ձևական ամուսնություն: Այդ քայլի շնորհիվ նա ընդգրկվել էր զորամասի ամուսնացածների ցուցակներում, եւ տեւական ժամանակով, նաեւ շաբաթ օրերին` ժամը 16:00-ից մինչև երկուշաբթի ժամը 08:00-ն օգտվել է ազատ ելք ու մուտքի իրավունքից:
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերի, լեյտենանտ Հ. Գալստյանը հետագայում հանդիսանալով ՊԲ թիվ զորամասի 3-րդ դասակի հրամանատար, 2014 թ. փետրվարի 16-ին դիմել է նույն գումարտակի հրամանատար, մայոր Տարոն Քոչարյանին: Նա խաբել էր, թե իբր կինն ու երեխան մահացել են:
Զորամասի հրամանատարի 2014 թ. փետրվարի 16-ի հրամանով լեյտենանտ Հ. Գալստյանին 2014 թ. փետրվարի 16-ից մինչև 2014 թվականի մարտի 7-ը տրամադրվել է արձակուրդ: Փաստորեն, լեյտենանտի զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Լեյտենանտը կարծելով, թե իր կնոջ ու երեխայի մահվան հանգամանքի վերաբերյալ խաբելու փաստը բացահայտվել է զորամասի ավագ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մ. Աղաջանյանի միջոցով, սերժանտին վատություն անելու համար անցյալ տարվա ապրիլի 3-ին գետնատնակից հափշտակել էր նշված վաշտին ամրացված` ռազմամթերք հանդիսացող մեկ հատ «Մ-75» տեսակի նռնակը և այն անմիջապես նետել ու գցել «չեզոք գոտի»:
Դատարանը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտել հանցագործությամբ պատճառված գույքային վնասը` 2.630 ՀՀ դրամն ամբողջությամբ կամովին հատուցելը:
Դատարանը հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, նրան դրականորեն բնութագրող տվյալները հաշվի առնելով, պատժի կրման սկիզբը հաշվել է 2014 թ. հուլիսի 30-ից, քանի որ նա այդ օրը ձերբակալվել է, իսկ 2014 թվականի օգոստոսի 2-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վաղը կշարունակվի բողոքի քննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ