Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է փոխել Օսմանյան բառի ուղղագրությունը, Շարմազանովը չի համաձայնում

Մարտ 23,2015 15:40

Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ԱԺ 6 խմբակցությունների կողմից մշակված 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը:

Նա ասաց, որ նախագծի վրա շատ մեծ է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ավանդը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց երկարացնել վերնագիրը եւ ընդգրկել նաեւ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանությունները:

Նրա պահանջին միացավ նաեւ Նաիրա Զոհրաբյանը. «Գիտեմ, որ Դուք եւս հանդիպել եք եզդի համայնքի ներկայացուցիչների հետ: Մենք էլ ենք լսել եզդիների հիմնավորումները: Ի՞նչն է խանգարում, օրինակ, մի ձեւակերպում լինի այդ մասին: Կարծում եմ, ցանկության դեպքում, չթերագնահատելով այս կարեւոր փաստաթղթի նշանակությունը, կարող ենք մի պարբերություն ավելացնել»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խնդիրը եզդիների մեջ չի: Խնդիրն այն է, որ անգրագիտություն կլինի, եթե այս նախագծում այդ մասին ավելացնեն: Եթե կան փաստեր, եզդի ժողովուրդն արժանի է, որ առանձին նախագիծ ընդունվի այդ մասին. «Ես չեմ ասում այդ ցեղասպանությունը չի եղել: Ես խնդրում եմ բոլոր մեր եզդի բարեկամներին, եթե ունեն փաստեր, թող ներկայացնեն: Աշխատանք է պետք: Այս հայտարարությունն էլ մեկ օրում չի եղել: Սա բացառապես վերաբերում է հույների եւ ասորիների ցեղասպանությանը: Երբ ասում ենք քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ եղել է ցեղասպանություն, եզդի ժողովուրդը քրիստոնյա չի: Մենք պետք է այս հարցերին՝ ցեղասպանությունները դատապարտող, շատ նուրբ մոտենանք»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ ցանկացած նման հայտարարության ընդունման նպատակը մեկը պետք է լինի՝ կանխարգելել հետագայում ցեղասպանությունները: Չեմ կարծում, որ որեւէ իրավական կամ այլ կարգի խոչընդոտ կա, որ մենք հավելենք նաեւ եզդիների հանդեպ ցեղասպանությունը: Բայց եթե դուք ունեք առանձին պայմանավորվածություն եզդի համայնքի հետ, որեւէ խնդիր չենք տեսնում: Մենք եւս հետաքրքրված ենք խնդրով»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց Օսմանյան բառը նախագծում գրել փոքրատառով: Ըստ նրա, դա վերաբերմունք է, որով «այդ չարագործների եւ տականքների կայսրության անունը փոքրատառով գրենք»: Ի տարբերություն դրա, նա առաջարկեց հույներ եւ ասորիներ բառը նախադասության սկզբում գրել եւ այդ ազգությունները գրել մեծատառով:

Շարմազանովն ասաց, որ մեծատառով կամ փոքրատառով գրելով չի, որ մենք պետք է մեր վերաբերմունքն արտահայտենք. «Մենք քրիստոնյա ենք եւ չպետք է իրենց նմանվենք՝ մեծատառով կամ փոքրատառով գրենք: Ես ձեւի կողմնակից չեմ, ես բովանդակության կողմնակից եմ»:

Հովհաննես Մարգարյանը պնդեց, որ գոնե փոքրատառով գրվի Օսմանյան Թուրքիա արտահայտության միայն Օսմանյան բառը: Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ «մենք պատգամավորներ ենք, օրենսդիր մարմին ենք, բայց ամենակարող չենք, որ հայոց ուղղագրությունը խախտենք: Իրավունք չունենք ուղղագրությունը խախտենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031