Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի տնտեսությունը պատրաստ չի լինի երկու-երեք տարի հետո անցնել ԵՏՄ միասնական արժույթի»

Մարտ 23,2015 15:08

«Հայաստանը հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնելու իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իր տնտեսական քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը: Այս հնարավորությունը ժամանակային առումով անսահմանափակ չէ եւ կօգտագործի՞ այս հնարավորությունը Հայաստանը, թե ոչ, շատ բանով կախված է մեզնից»,- այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ԵՏՄ հարաբերություններին` այս տեսակետը հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ փորձագետի՝ ԵՏՄ-ում, որտեղ Հայաստանին «բերման են ենթարկել եւ կալանավորել», կան անհաղթահարելի խնդիրներ. «Եվ դրանք հաղթահարելու համար Վլադիմիր Պուտինը ամբոխահաճո հայտարարություններ է անում արժույթի անցնելու անհրաժեշտության մասին, որն իրականության հետ որեւէ կապ չունի: Հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները գլխավոր խոչընդոտող գործոններն են հանդիսանում Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում»,- վստահ է պրն Մեհրաբյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ, մեկնաբանելով ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հանգամանքը, ասաց, որ այդ որոշումը ինքը անակնկալ չի համարում. «Բնականաբար, Ռուսաստանը հիմա պիտի շտապեր, քանի որ իր ռուբլու արժեզրկումը, իր տնտեսության կայունացումը նա տեսնում է միացյալ շուկաներում: Իսկ Ռուսաստանի տնտեսությունը երկար ժամանակ դեռ զարգանալու հնարավորություն չի ունենա: Մեկ տասնամյակ հետո այն ամբողջովին իր դիրքերը կզիջի ճշգրիտ մեխանիկայի եւ ճարտարագիտության ոլորտներում»:

Պրն Մակարյանը միասնական արժույթի ստեղծման համար որպես օրինակ է բերում Եվրոն. «Արժույթի կայացումը բավականին երկար պրոցես է՝ կապված այն երկրների տնտեսություններից, որոնք գտնվում են այդ միության մեջ: 50 տարի պահանջվեց Եվրոպայից Եվրոյի կայունացման համար»:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Ղազախստանը ամուր տնտեսություն չունի, Բելառուսը միջին մակարդակի երկիր է, Հայաստանի տնտեսությունը անցումային մակարդակի վրա է եւ այս պատճառով մեծ ռիսկեր կարող են առաջ գալ. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ կլինի երկու-երեք տարի հետո անցնել միասնական արժույթի: Դա նման է նրան, որ մարդու արյունը շատ արագ փոխեն»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս տնտեսական հարաբերություններին, պրն Մակարյանը ասուլիսին հիշեց Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացը, կարծիք հայտնեց, որ նորմալ չի համարում այն կոչերը, թե Ռուսաստանը, որպես Հայաստանի գործընկեր, իրավունք չունի Ադրբեջանին զենք վաճառել. «Սակայն պետք է հակառակ տեսանկյունից նայել նաեւ: Մե՞նք ինչ ենք տալիս Ռուսաստանին, որ անընդհատ ուզում ենք պահանջել Ռուսաստանից: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն ներդրող է համարվում, մասնավորեցրել է հիմնական ընկերությունների մեծ մասը: Ճիշտ է վատ է պահում, օրինակ ՀԷՑ-ը, կան կորուստներ, վնասներ, իր մոդեռնիզացիային պահանջները չի կատարում: Ռուսաստանը նաեւ մեծացրել է ռազմաբազան, Հայաստանի բնակչության մեծ մասն աշխատում է Ռուսաստանում»:

Այս փաստերից ելնելով՝ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ հիմա, եթե Ռուսաստանին դեմ են ելնում, եւ ասում, որ իր գործընկերն ենք, եւ չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, պետք է հասկանալ նաեւ, թե արդյոք մենք այդքան հնարավորություններ ունե՞նք Ռուսաստանից այդքան բան պահանջելու. «Սրա միակ լուծումը մեր տնտեսության զարգացումն է: Եթե մենք ԵՄ-ից վերցրած գումարները նպատակային ծախսենք, նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, միայն այդ դեպքում Հայաստանը կամրապնդի իր դիրքերը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031