Աշխատանքային այցով Ավստրալիա ժամանած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 20-ին Համազգային Հայ կրթական և մշակութային միության կենտրոնում հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի կուսակցությունների, առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների, մշակութային և այլ կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, ներհամայնքային խնդիրներին, ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր:
Շաբաթ, վաղ առավոտյան, նախարարը Սիդնեյի ամենօրյա «Ալեքսանդր» վարժարանի սաների և ուսուցիչների հետ մասնակցել է «Արևագալի» արարողությանը, որը օրհնել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
Այնուհետև, նախարարն այցելել է Համազգայինի «Գոլստեն» վարժարան, որտեղ հանդիպել է ավստրալիահայ համայնքի բոլոր՝ ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններին ու հայոց լեզվի ուսուցիչներին: Քննարկվել են դպրոցներում առկա խնդիրները, հայոց լեզվի, դասագրքերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: Նախարարը կարևորել է մայրենի լեզվի իմացությունը և կոչ արել խոսել հայերեն՝ շեշտելով, որ մանավանդ օտար երկրներում հայերենը հայ մարդու համար դառնում է Հայրենիք: Այնուհետև, հանդիպել է «Արարատ» և «Նաիրի» միությունների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը նախարարն այցելել է «Հովհաննես Թումանյան» վարժարան, որտեղ նախարարության պատվոգրով պարգևատրել է վարժարանի սան Միշել Դարբինյանին, ով մասնակցելով Ավստրալիայի դպրոցականների՝ օտար լեզվի իմացությանը նվիրված օլիմպիադային՝ հայոց լեզվի գերազանց իմացության համար հաղթող է ճանաչվել:
Կարդացեք նաև
Այնուհետև նախարար Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչներին: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին, սիրիահայություն իրավիճակին առնչվող և այլ հարցեր:
Երեկոյան նախարարը ներկա է գտնվել երգիծաբան դերասան Աբո Մանճիկյանի ներկայացմանը: Նախարարը Ա. Մանճիկյանին հրավիրել է Հայրենիք՝ ելույթներով հանդես գալու Երևանում և Գյումրիում:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ