Այսօր ԱԺ նիստում հերթական բանավեճը տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: Քննարկվում էր Փոստանջյանի՝ «2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն» ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը: Այդ նախագծով պահանջվում է, որ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ հայ հասարակությունն այդպես էլ չհասկացավ՝ ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը տղամարդավարի խոսք էր տվել դիմել իր ռուս գործընկերոջը՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով, դիմե՞լ էր, նման պահանջ ներկայացրե՞լ էր, թե՞ ոչ. «Գեւորգ Կոստանյանն իր գործառույթները չի կատարել, չի էլ կարող կատարել: Մենք չտեսանք այն պահանջը, որը նա հղել էր Չայկային»: Ավելին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր ուղարկած նամակին ռուսները պատասխանել են, որ Պերմյակովին չեն հանձնելու հայկական կողմին:
Կոստանյանին պաշտպանելու գործը ստանձնեց Սամվել Ֆարմանյանը: Նա Զարուհի Փոստանջյանին, որը մասնագիտությամբ իրավաբան է, նետեց, թե իրավական նվազագույն գիտելիքներ չունի, անգրագետ է եւ այլն: Ըստ նրա, անգամ մասնավոր իրավաբանական բուհում կրթություն ստացած մարդը պետք է իմանա, որ միջպետական որեւէ համաձայնագիր չի նախատեսում կոնկրետ ժամկետներ՝ պաշտոնական գրություններին պատասխանելու համար: Գեւորգ Կոստանյանը Հայաստանի Հանրապետության անունից է դիմել ռուսական կողմին: «Մենք որքանով էլ նամակով դիմենք, չենք կարող պետության անունից հանդես գալ: Մենք բոլորս այստեղ այնքան հանդուրժեցինք անգրագիտությունը»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց Զարուհի Փոստանջյանին պատասխանել Ֆարմանյանին՝ անջատելով նրա խոսափողը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սա Սամվել Ֆարմանյան-Զարուհի Փոստանջյան փոխադարձ վիրավորանքների եւ բանավեճի արդեն որերորդ դեպքն էր: Վերջին անգամ նրանք բանավիճել էին Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: Սամվել Ֆարմանյանը դարձյալ Զարուհի Փոստանջյանին անգրագետ էր անվանել եւ հայտարարել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը նրան 2 կգնահատեր՝ այդ նախագծի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ