Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռները կմիավորեն Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Հայաստանը

Մարտ 23,2015 14:23

Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանությունները կազմակերպում են Լեռնային փառատոն, որի նպատակը լեռնային տարածքի արժևորումն է որպես տնտեսական և մարդկային կայուն և ներդաշնակ զարգացման հիմնարար ռեսուրս: Փառատոնային շաբաթվա ընթացքում լեռների կարեւորությանն անդրադարձ է լինելու տարբեր տեսանկյուններից՝ կինեմատոգրաֆիա, տնտեսական, գրական եւ սպորտային:

Ծրագրի շրջանակներում այսօր՝ մարտի 23-ին ՀՀ-ում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանությունները կազմակերպել էին համատեղ ասուլիս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ առաջին անգամ Շվեյցարիայի դեսպանատան հետ միասին մեկնարկը կանեն լայնածավալ մի ծրագրի՝ Լեռնային փառատոնի: «Ես իմ շվեյցարացի գործընկերոջ հետ բավականին աշխատել եմ այդ ուղղությամբ, նաեւ համագործակցել Հայաստանի պատկան մարմինների եւ այլ դիվանագիտական մարմինների հետ»,-ասաց պարոն Շարպանտիեն՝ հավելելով, որ երեք երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գրասերն էլ հայտնեց, որ Շվեյցարիան հպարտ է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպված մշակութային հենքի մաս կազմել: «Ֆրանսիացի, շվեյցարացի եւ հայ ժողովուրդներին միավորում է ոչ միայն ֆրանսերենը, այլեւ այն, որ երեք երկրներն էլ լեռնային են: Շվեյցարիայի տարածքի յոթանասուն տոկոսը լեռներ են, Ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ Հայաստանի պատմամշակութային անցյալն էլ պայմանավորված է լեռնային երկիր լինելով»,-ասաց նա:

Լեռնային շաբաթի շրջանակներում այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Օլիվիե Ասայայի «Sils Maria» ֆիլմի պրեմիերան, վաղը կլոր սեղան կմեկնարկի Ծաղկաձորում: Միջոցառումները կավարտվեն մարտի 30-ին:

Գրենոբլի զբոսաշրջային գրասենյակի տնօրեն Իվ Էքսբրայան ասաց, որ հետեւյալ առաքելությամբ է Հայաստանում՝ ապակենտրոնացված զբոսաշրջություն եւ ֆրանկոֆոնիա: Նա հիշեցրեց, որ Գրենոբլը եւ Սեւանը քույր քաղաքներ են:

lernayin-paraton2

Նշեց, որ գուցե առաջիկայում ֆիլմ նկարեն Հայաստանի լեռնաշխարհի մասին:

Տուրիզմի բնագավառում մասնագիտացված «Ատու Ֆրանս» կազմակերպության մոսկովյան գրասենյակի տնօրեն Ինեսա Կորոտկովան խոսեց մասնավորապես Ֆրանսիայի զբոսաշրջության մասին, հավելելով, որ 1200 տուր-օպերատորների հետ են համագործակցում: «Ատու Ֆրանսը» 33 ներկայացուցչություն ունի աշխարհի տարբեր երկրներում: Ֆրանսիայի ՀՆԱ 7,5 %-ը զբոսաշրջությունն է ապահովում: Տիկին Կորոտկովայի խոսքով, իրենց նպատակն է, որ ավելի շատ զբոսաշրջիկներ լինեն Ֆրանսիայում, ինչ վերաբերում է Հայաստանին, այն նրա համոզմամբ, հետաքրքիր է իր պատմամշակութային արժեքներով, լեռնային զբոսաշրջության եւ արշավների առումով:

Շվեյցարիայի դեսպանը փաստեց, որ անցյալ տարի 2400 շվեյցարացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: «Սրանք աստղաբաշխական թվեր չեն, բայց շվեյցարացի զբոսաշրջիկների աճի միտում կա: Իհարկե, դա այնքան մեծ չէ, ինչպես Թայլանդի կամ Կարմիր ծովի ափեզրի դեպքում, բայց այդ համեստ թիվն էլ նրանից է, որ նախապատրաստված զբոսաշրջություն է իրականացվել: Ձեր ազգային պատմամշակութային ժառանգությունը չի կարող պահանջված չլինել»,-հավելեց պարոն Գրասերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031