Այսօր, մարտի 23-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ պատվիրակությամբ եւ ի՞նչ կոչով է Ֆրանսուա Օլանդը գալու Հայաստան, պատասխանեց, որ Ֆրանսիան ներկայանալու է ոգեկոչման արարողություններին գերագույն ղեկավարության մակարդակով, եւ դա ավելի վաղ էր պաշտոնապես հայտարարվել:
«Որպես դեսպանատուն աշխատում ենք նախագահ Օլանդի այցի կազմակերպման շուրջ, բավականին մեծ պատվիրակությամբ է նախագահը այցելելու Հայաստան, նախնական տվյալներով մոտ՝ 120 հոգանոց: Բնականաբար, Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող տարբեր կառույցներից ներգրավված կլինեն այդ պատվիրակության կազմում: Մեր կարգախոսը կլինի՝ հիշողություն, հարգանքի տուրք եւ անել ամեն ինչ, որպեսզի հետագայում նման սահմռկելի իրողություններ չկրկնվեն»,-ասաց պարոն Շարպանտիեն:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գրասերն էլ հավելեց, որ ապրիլի քսանչորսի ոգեկոչման արարողությունների վերաբերյալ կոնկրետ որոշումը հայտնի կլինի առաջիկա օրերին, իսկ այս պահին հստակ կարող է ասել, որ Շվեյցարիայի ազգային ժողովից մեծ պատվիրակություն ներկա կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ