Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «վախկոտությունը»՝ Ռուսաստանից. Գյումրիի ողբերգության մասին նախագիծը որոշվեց չքննարկել անգամ

Մարտ 23,2015 13:57

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն» ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցի քվեարկությունից առաջ, պատգամավորները սկսեցին հակասական կարծիքներ հայտնել նախագծի մասին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Զարուհի Փոստանջյանին, որ հետաձգի հայտարարության նախագիծը ողջամիտ ժամկետով: Նրա դիտարկմամբ՝ միջպետական պայմանագրերի հետ հակասություններ կան եւ իրավական առումով որոշակի ճշգրտումների կարիք կա: Այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե նույնիսկ Զարուհի Փոստանջյանը չհամաձայնի հետաձգել հայտարարության նախագիծը, իրենք որոշել են կողմ քվեարկել՝ նախագիծն օրակարգում քննարկելու համար, այնուհետեւ ճշգրտել հայտարարության տեքստը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես հայտարարեց, որ չնայած իրավական առումով թերի է, բայց իրենք էլ կողմ են քվեարկելու:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս կոչ արեց հետաձգել նախագիծը, բայց ասաց, որ ԱԺ-ն ձեռքերը ծալած չպետք է նստի:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կոչ արեց այնուամենայնիվ, օրակարգում հայտարարության տեքստը քննարկել ու ճշգրտել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը զարմացած էր ՀՀԿ-ի վարքագծի վրա, որը չէր ուզում հարցը մտներ օրակարգ. «Հարցը քննարկենք: Ես չեմ ուզում պատկերացնել մի ԱԺ, որը հրաժարվի քննարկելուց: Ես այդպես եմ մոտենում այս խնդրին: Ավելին՝ նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն գործադիրի մոտ՝ ՌԴ-ի համապատասխան մարմինների նկատմամբ: Եկեք մեր քվեարկությամբ համարձակություն հայտնենք գործադիրին եւ ասենք, որ գոյություն ունի ժողովուրդ, գոյություն ունեն պետական շահեր: Հենց դրա համար էլ գոյություն ունի ԱԺ»:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, անհարմար է նույնիսկ քննարկել դա, որովհետեւ պետք է օր առաջ նման հայտարարություն հնչեցվի՝ որպես պահանջատեր հանդես գալով. «Նույնիսկ այս տարանջատումն եմ վտանգավոր համարում: Անհարմար է ուղղակի»:

Խաչատուր Քոքոբելյանի այդ «ամոթի» կոչերին չհետեւեց խորհրդարանական մեծամասնությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու այդ նախագծի քվեարկությանը. «Հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ: Մենք չենք ցանկանում, որպեսզի միջամտենք իրավական գործերին: Նաեւ ցանկություն չունենք մասնակից դառնալ քաղաքական շահարկումներին»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ բոլորի համար պետք է ուղեցույց լինի, որ երբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալիս, հարկավոր է պատշաճ իրավիճակներ ստեղծել. «Այդպես որ լինի, անընդհատ կարելի է օրենքներ բերել՝ չհամաձայնեցնելով որեւէ խմբակցության հետ, աշխատանք չկատարելով: Առաջարկություններ կան հետաձգել: Առնվազն չի կարելի գալ այստեղ, նորից խոսափող տեսնել եւ այստեղ բարի դրացիական հարաբերություններ ստեղծել եսիմ ում հետ: Մեզ թվում է, երբ մենք կարծիք ենք ունենում, այդ կարծիքը բացարձակ ճշմարտություն է: Այդպիսի բան լինել չի կարող»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ՌԴ-ի կողմից օրեցօր ավելի հաճախակի դարձած անօրեն որոշումների ականատեսն է դառնում՝ սկսած Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին 4 մլրդ դոլարից ավելի զենք վաճառելուց, վերջացրած Գյումրիում տեղի ունեցած ողբերգությամբ. «Հետեւաբար, մենք պետք է ընդունենք նման դատապարտող հայտարարություն: Այսօր նույնն է տեղի ունենում, ինչ 100 տարի առաջ, պատահական չընթերցեցի Զոհրապի պատմությունը: Մենք պետք է վերջիվերջո, որպես պետական մարմին անդրադառնանք, դրան: Մենք հիմա պետություն ունենք եւ լռել չի կարելի: Փաստացի ՀՀ իշխանությունները մինչ այս պահը լռել են: Եվ պետք է պահանջ պետական մարմնի կողմից՝ ուղղված ՌԴ մարմիններին: Պերմյակովն այս պահին ապօրինի գտնվում է 102-րդ ռազմաբազայում»:

Զարուհի Փոստանջյանը չլսեց գործընկերներին եւ չհետաձգեց հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու եւ քննարկելու մտքից:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ չընդունվեց՝42 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031