Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը այսօր հայտարարեց, որ չի մասնակցելու խմբակցության որոշումների կայացմանը:
«Ես եւ կուսակցությունից դուրս եկած մյուս գործընկերներս, գործելու ենք որպես անհատ պատգամավորներ, ու որոշումները կայացնելու եւ քվեարկելու ենք ըստ մեր ցանկության: Աշխատանքներ բավականին կան, ունենք բավականին տեսակետներ ու ակտիվ աշխատելու ենք»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:
Հարցին, թե հանդիպե՞լ է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, պատասխանեց, որ եթե առիթ լինի՝ կհանդիպի:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության՝ ընդդիմադիր դաշտում գործելու որոշմանը, պատգամավորն ասաց. «Ավելի լավ է լինել ընդդիմադիր, քան թե այլընտրանք, որովհետեւ ընդդիմադիրը գոնե հստակեցված կեցվածք է: Այլընտրանքն ինձ համար անհասկանալի է: Այդ դաշտում աշխատել ենք երեք տարի ու գիտենք՝ ինչքան բարդ բան էր: Այսօր կա հստակ դիրքորոշում: Եթե որեւիցե մեկն ինձ կարող է ասել՝ ինչ է այլընտրանքը, ինքս կխնդրեմ, որ բացատրի: Կա իշխանություն կա ընդդիմություն, հիմա հստակեցումից հետո ինձ ոչ իշխանական, ոչ ընդդիմության դաշտում չեմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչու նախկինում լինելով ԲՀԿ անդամ՝ չէիք բարձրաձայնում, որ այլընտրանքն անհասկանալի է ու վատ, պատասխանեց՝ այն ժամանակ հստակեցման փուլ էր գնում. «Այն ժամանակ բազմիցս եղել են հակասող կարծիքներ կարողացել ենք արտահայտելով մեր կարծիքը՝ ենթարկվել մեծամասնության որոշմանը»:
Հարցին՝ ինչպես եք վերաբերում կուսակցությունից դուրս եկողների հասցեին ուղղված առնետավազք բնորոշմանը ասաց. «Առնետավազք հարցին հակադարձում եմ առնետահարցերով: Ի՞նչ է նշանակում առնետավազք, եթե մարդիկ հստակ դիրքորոշում են արտահայտում, առանց վարանելու իրենց տեսակետն են արտահայտում ու քաղաքական քայլ են անում, դա նշանակում է առնետավա՞զք»;
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ