Հանրապետության ողջ տարածքում հեռուստատեսության թվայնացումը նախատեսված է ավարտել մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը: Սակայն մեր քաղաքացիների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ շատերը մինչ օրս նույնիսկ տեղյակ չեն, որ նման փոփոխություններ են սպասվում, կամ ինչ է իրենից ներկայացնում թվային հեռարձակումը, որն է դրան անցնելու անհրաժեշտությունը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը հարցին, թե ի՞նչ առավելություններ ունի թվային հեռարձակումը անալոգային հեռարձակման նկատմամբ, պատասխանեց.
«Տեխնիկական առումով անալոգային հեռարձակումը հնացել է: Աշխարհի առաջատար երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ եվրոպական պետությունների մեծ մասը վաղուց անցել են թվային հեռարձակման: Թվային հեռուստատեսությունը անալոգայինից նախեւառաջ տարբերվում է իր ինտերակտիվությամբ. մեծանում են հեռուստատեսության հնարավորությունները. հեռուստադիտողը կարող է ամեն պահ դիտել առաջարկվող ծրագրից իր նախընտրած ֆիլմը, սերիալը կամ հաղորդումը: Ամբողջ աշխարհում թվային հեռարձակումն իրականացվում է երեք տեսակի ստանդարտներով՝ եվրոպական, նյույորքյան եւ ճապոնական: Մենք ընտրել ենք եվրոպական ստանդարտը, որը թույլ է տալիս մեկ կապուղով միաժամանակ վեց հեռուստաընկերություն եթեր հեռարձակել»:
Մեր այն դիտարկմանը, թե նախընտրած հաղորդումը դիտելու համար հեռուստադիտողը պետք է առաջարկվող ծրագրից ընտրի այն, բայց ներկրվող հեռուստացույցները չունեն հայերեն տառատեսակ, եւ հեռուստածրագիրը ներկայացվելու է լատինատառ: Հնարավոր չէ՞ր կարգավորել այս խնդիրը, հետո անցնել թվային հեռարձակման, պարոն Հովսեփյանն ասաց. «Միանշանակ, խնդիրը պետք է նախօրոք կարգավորվեր: Կարգավորման մեխանիզմները պետք է փնտրենք մեր մեջ: Դա մեծ բացթողում է: Սակայն 2015 թվականի հուլիսի 1-ից մենք չենք կարող չանցնել թվային հեռարձակման, քանի որ հետ կմնանք տարածաշրջանում տեղեկատվական հոսքերից»:
Մուշեղ Հովսեփյանի ներկայացմամբ՝ Հայաստանը թվային հեռարձակման համար ընտրել է DVB-T2 ձեւաչափը: Յուրաքանչյուր հեռուստացույց պետք է ունենա DVB-T2 ձեւաչափի հեռարձակման ընդունիչ. «Վերջին սերնդի հեռուստացույցներն ունեն այն: Իսկ եթե հեռուստացույցը չունի այսպիսի ընդունիչ, անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքը՝ դեկոդերը, որն անալոգային ազդանշանը դարձնում է թվային: Լինելու են երկու սոցփաթեթներ, որոնց մեջ մտնելու են թվային հեռարձակման հեռուստաընկերությունները: Դրանց մի մասը կլինի անվճար՝ հատուկ նախատեսված սոցիալապես անապահով խավի համար, իսկ մյուսները՝ վճարովի: Փաթեթների համար կսահմանվի ամսավճար, ինչպես այժմ արվում է կաբելային հեռուստատեսության դեպքում»:
Հարցին, թե դեկոդեր սարքերը որքանո՞վ մատչելի կլինեն բնակչությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն իրոք լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք այն, որ սարքը ներկրվելու է արտերկրից. «Կարծում եմ՝ պետությունը պետք է կարգավորի այս խնդիրը, որպեսզի խուսափենք սպեկուլյացիայից: Պետությունը պետք է սահմանի որոշակի գին, որը մատչելի կլինի մարդկանց: Հակառակ դեպքում կհայտնվենք նույն իրավիճակում, որ կար բջջային կապի շուկայում «ԱրմենՏել»-ի մենաշնորհի պայմաններում»:
Թե ինչ կարժենա վճարովի փաթեթները, պարոն Հովսեփյանի տվյալներով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ արդեն մի քանի տարի է, ինչ թվային հեռարձակում է իրականացվում, փաթեթն արժե 2000-3000 դրամ. «Հայաստանում, կարծում եմ, վճարովի փաթեթների գինը չի գերազանցի 3000-4000 դրամը, ինչը համապատասխանում է կաբելային հեռուստատեսության միջին գնին»:
ՄԱՐԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
2-րդ կուրս
«Առավոտ» օրաթերթ
21.03.2015