Կարին-Էրզրում
Ազատամարտիկ, թուրքագետ Սարգիս Հացպանյանը շարունակում է իր «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքը: Հերթականը նվիրված էր Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից՝ Կարին-Էրզրումին։
Ծավալուն դասախոսությունում բերվում է պատմական հակիրճ տեղեկատվություն վիլայեթի պատմությունից, վիճակագրական տվյալներ նրա 3 սանջակի 22 գավառում ապրած հայերի թվի մասին, նրանց զբաղմունքի, վարած կրթադաստիարակչական գործի, առեւտրատնտեսական կապերի, հայ առաջին ազատագրական գաղտնի խմբակի, նրա ծավալած պայքարի եւ այլնի, ինչպես նաեւ անցյալ ու նախանցյալ դարերում տարածաշրջանային անցուդարձի մասին: Դասախոսությունը նվիրված է անվանի կարինցի, մեծ հայրենասեր Մկրտիչ Գուրգենի Յանիկյանի հիշատակին, ով ծնվել, մեծացել եւ ուսումը ստացել էր Կարինում, ջարդերից հետո հեռացել Պարսկաստան, այնուհետեւ Եվրոպա, հետո կրկին վերադարձել էր Պարսկաստան, իսկ ավելի ուշ հաստատվել ԱՄՆ-ում: Առաջին հայորդին էր, որ 1973թ. ասաց, որ այսուհետ անհնար է Հայ դատին հետամուտ լինել դիվանագիտական ճանապարհով՝ նամակներ եւ գրություններ ուղղելով տարբեր երկրներին ու միջազգային կառույցներին եւ առաջինն էր, որ իր որոշմամբ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Բարբարա քաղաքում զգետնեց Թուրքիայի 2 դիվանագետի: Այդ օրվանից սկսվեց 20-րդ դարի 70-ականների հայ ազգային-ազատագրական զինված պայքարը:
Յանիկյանը գտնում էր, որ պետք է այդ ճանապարհով գնալ: Այդ դեպքից 2 տարի հետո հիմնվեց ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, որ 1975-1989 թթ. իրականացրեց մոտ 70 գործողություն:
Ըստ Ս.Հացպանյանի, Կարինի վիլայեթն աչքի էր ընկնում տեղի ժողովրդի հայրենասիրության վառ դրսեւորմամբ եւ տարբերվում մնացած վիլայեթներից: Ինչո՞ւ ենք մենք Կարին անվանում, իսկ մյուսները՝ Էրզրում: Դա նույնն է, ինչ մենք մեզ հայ ենք անվանում, իսկ մյուսները՝ արմեններ, արմանի, էրմենիներ: Հացպանյանի ներկայացմամբ, մինչեւ ռուս-օսմանյան պատերազմները, ճանապարհորդների եւ վաճառականների կողմից անդադար նշվում է Էրզրումը, որպես ամենաէական՝ ճանապարհների խաչմերուկներում գտնվող քաղաք, առանց որի չկա կյանք, իբրեւ նավահանգիստ քաղաք է հիշատակվում Տրապիզոնը, դրանից հարավ նշվում է Դիարբեքիրը, այնուհետեւ Երեւանը, Թեհրանը: Սելիմ Առաջինի տիրապետության ժամանակ, 1514թ. Չալդրանի ճակատամարտից հետո, շրջանառվում են Օսմանյան Հայաստան, Ռուսահայաստան եւ Պարսկահայք արտահայտությունները: Տարիներ հետո կիրառվում են Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան անվանումները: Ամենախիտ բնակչությունն ունեցել է Էրզրումի վիլայեթը՝ մոտ 160 հազար (9 մեծ քաղաք, 389 գյուղ): Էրզրումի վիլայեթին սահմանակից էին Վանի եւ Բիթլիսի վիլայեթները: Վանի վիլայեթն ուներ 3 քաղաք, 387 գյուղ եւ 100 հազարի շուրջ հայ բնակչություն, Բիթլիսը նույնպես ուներ 3 քաղաք, 495 գյուղ եւ 156 հազարից քիչ ավելի բնակչություն: Այս 3 վիլայեթում միասին վերցրած ապրում էր մոտ 416 հազար հայ բնակչություն: Էրզրումի նահանգի Էրզրում, Բայազետ եւ Երզնկա գավառները (սանջակները), Էրզրումի սանջակը բաղկացած է 9 գավառակից՝ Էրզրում (կենտրոնը), Բասեն (հացի շտեմարան էր համարվում), Խնուս (ուներ 33 գյուղ), Դերջան (Մամա Խաթուն էլ էին ասում), Քըղի, Բայբուրդը (պատմական Բաբերդ քաղաքը), Սպեր (այսօր ասում են Իսպիր), Կիսկիմ, Թորթում (հայտնի է իր մեծ ջրվեժով ու Օշք վանական ճոխ համալիրով, որը լիովին պահպանված է մինչեւ օրս): Բայազետի սանջակը սահմանակից է այժմյան Հայաստանի Հանրապետությանը եւ բաղկացած է 5 գավառակից՝ Բայազետ (մեր Գավառի ժողովուրդն այդտեղից է գաղթել եւ նույնությամբ պահպանել իր խոսակցական լեզուն), սանջակի Դիադին գավառակում այսօր մեծաթիվ դավանափոխ հայեր կան, Ղարաքիլիսա (այժմ՝ Կարաքյոսե, թուրքերեն քիլիսան նշանակում է եկեղեցի, ինչը նրանց դուր չի գալիս եւ միտումնավոր փոխել են, անցյալ տարի այդ տարածքից ընտրված մի քուրդ պատգամավոր, որ դարձել էր նաեւ քաղաքապետ, նախաձեռնել էր քաղաքին վերադարձնել Ղարաքիլիսա անվանումը, ինչի պատճառով ողջ Անկարան նախահարձակ էր եղել, թե նա պատմական իրողությունն է ցանկանում վեր հանել, Արեւմտյան Հայաստանի 4 Ղարաքիլիսայից սա ամենահայտնին է), Թոփրակկալե, Ալաշկերտ (երբեմնի ամբողջությամբ հայկական այս բնակավայրը եւ շրջակա գյուղերն այսօր քրդաբնակ են եւ փոքրաթիվ դավանափոխ հայեր էլ են ապրում, նախկին Վաղարշակերտից մնացած Ալաշկերտը թուրքերը հնչյունափոխելով՝ Էլեշկիրտ են անվանում), Պատնոց (Պատնոս՝ մի քիչ աղավաղված, բայց հայկական անվանումը պահպանվել է, փակ գոտի է համարվում, քանզի զորամաս է տեղակայված, ունի եկեղեցի): Երզնկայի սանջակը, սահմանակից է Դերսիմին, ուներ 5 գավառակ՝ Երզնկա, այն մեր հեթանոսական շրջանի ամենակարեւոր տարածքն էր, այստեղ էին գտնվում նախաքրիստոնեական մեհյանները, այստեղ էին կատարում մեր հին Աստվածների երկրպագությունը:
Կարդացեք նաև
Երզնկայից Դերսիմ տեղափոխված հայերը, որոնցից մի հատված հետագայում դավանափոխ ալեւի, զազա ու ղըզլբաշ են դարձել, մինչեւ օրս պահպանում են հեթանոսական ծեսերն ու կատարում ծիսակատարությունները, այսօր հայ հեթանոսական ժամանակաշրջանը կենդանի ապրում է նրանց մեջ: Հիշենք, որ այստեղ են ծնունդ առել Պավլիկյան (VII–IX դդ.) ու Թոնդրակյան (IX–XI դարեր) շարժումները: Ի դեպ, անգլիացի պատմաբան Է. Գիբոնի բնորոշմամբ՝ Պավլիկյան շարժումը ցնցեց Արեւելքը եւ լուսավորեց Արեւմուտքը: Երզնկայի սանջակի մյուս գավառներն են՝ Քեմախ (Կամախ՝ որտեղ գտնվում է Ակնը), Կերջանիսը (ունի սբ. Աստվածածնի վանական հիասքանչ մի համալիր), Կուզիջան եւ Քուրիջան: Էրզրումի վիլայեթի երեք սանջակների 22 գավառների բնակիչների կեսից ավելին հայեր էին: Թիլ ավանը, որ անցել է այսօր զազա ալեւի ղըզլբաշներին, հայոց Հին Աստվածների պաշտամունքի վայրն էր, ներառում է 3 լեռնագագաթների միջեւ ընկած տարածքը, ուր գտնվում են հայոց 3 սրբությունները՝ Հալվորի Վանք, Սուրբ Օհան եւ Մնձուրի գետը: Վերջիններս այսօր այդտեղ բնակվող զազաների կողմից եւս սրբության սրբոց են համարվում:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Կարինի հայերի կենցաղին:
Ս.Հացպանյանը ցույց տվեց 1800-ականների սկզբներին (1821 թ.) Էրզրումում տպված մի բացիկի լուսանկար, որ թողարկել էր Միսակ Վանեսյանը (Էրզրումում կային նաեւ այլ լուսանկարիչներ՝ Անդրեասյան, Բոյաջյան եղբայրներ եւ այլք): Լուսանկարիչները շրջագայել են շրջակա գյուղերում եւ ստեղծել բացիկներ, քանզի Էրզրումը խաչմերուկ էր եւ այցելողներն այդտեղից նամակներ էին ուղարկում իրենց հարազատներին ու ընկերներին: Կարինում եղել է 3 հազարից ավելի խանութ, որի կեսից ավելին հայերին է պատկանել:
Սարգիս Հացպանյանը ներկայացրեց 3 տարի առաջ Երեւանում հրատարակված Խաչատուր Դադայանի հեղինակած՝ «Հայոց առեւտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում» աշխատությունը, որն անդրադարձ է 15-րդ դարից մինչեւ 1915 թիվն ընկած ժամանակաշրջանին: Գիրքը, որ երկլեզու է՝ հայերեն եւ թուրքերեն, պետք է տպագրվի այս տարի նաեւ Կ.Պոլսում։ Վերլուծաբանն այդ գրքից բերեց ուշագրավ փաստեր` 1856-1871 թթ. կառուցված շուրջ 300 կմ երկարություն ունեցող երկաթգիծն աշխուժություն էր առաջացրել վիլայեթի տնտեսական կյանքում: Մինչեւ 1915թ. երկաթուղային ճանապարհ կար Սարիղամիշի հետ: Այս ճանապարհով էին բերում մետաքս եւ բամբակյա նուրբ գործվածքներ, դեղորայք, սուրճ, արդուզարդ եւ այլ առարկաներ: Առեւտրով եւ արհեստագործությամբ հիմնականում հայերն էին զբաղվում: 20-րդ դարասկզբին Կարինն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 իջեւանատուն,18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ եւ այլն: Կարինում զարգացած էին ոսկերչությունը, կաշեգործությունը, գորգագործությունը, զինագործությունը, պղնձագործությունը եւ այլն: Հայերի ձեռքով պատրաստված իրերը մեծ պահանջարկ ունեին ամենուրեք եւ հատկապես արտաքին շուկաներում: 1870-ականներին քաղաքում կար մսապուխտի (սուջուխ) եւ բաստուրմայի 4 արտադրամաս, գործում էին 6 կաշեգործական, օղու թորման, ներկարարական եւ այլ ձեռնարկություններ: Քաղաքի մերձակայքում արտահանում էին աղ: 19-րդ դարավերջին Կարինում հայերն ապրում էին բարեկեցիկ կյանքով:
Չնայած ասիական քաղաք էր, սակայն ուներ սալահատակված, լայն փողոցներ ու հրապարակներ: Ցավոք, քաղաքում մեծ ավերվածություններ են եղել 728թ., 1659թ., 1791թ., 1843թ., 1850-1852թթ., 1861թ., 1901-1902 թվականների երկրաշարժերի հետեւանքով: Այսօր ԱՄՆ-ում ուսում ստացող, հայերեն սովորած թուրք մի հետազոտողի դոկտորական թեզի թեման է՝ «Էրզրումի առեւտրատնտեսական կապերը»: Մենք, հայրենիք կորցրած ժողովուրդ լինելով հանդերձ, մեր ունեցած առեւտրատնտեսական կապերով գերազանցել ենք շատ երկրների պետական կառույցների ունեցած նույնանուն կապերը, դրանք ձգվել են հյուսիսից հարավ, արեւմուտքից՝ արեւելք, մինչեւ Սինգապուր: Կարինի շրջակա տարածքում տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ են եղել, որոնցից շատերը մզկիթների են վերածվել: Ցուցադրվեցին Էրզրումի միջնաբերդի Սուրբ Աստվածածնի, կենտրոնական, հյուսիսային մասի այլ եկեղեցիների լուսանկարները: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1848 թվականին՝ երկրաշարժերից ավերված 7-րդ դարի նույնանուն եկեղեցու տեղում, ուներ 20 կրող սյուն, 3 մուտք: Մինչեւ 1915թ. այստեղ պահվում էին 13-րդ դարից սկսած եկեղեցական ձեռագիր մատյաններն ու գրագրությունը, ինչպես նաեւ տպագիր գրականությունը: Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր, քաղաքում գործում էր նաեւ հայ կաթոլիկ 2 եկեղեցի:
Սուրբ Աստվածածնի մոտ կար 11-12-րդ դարի հին գերեզմանոց, որն այսօր գոյություն չունի: Ավերված քրիստոնեական կառույցների վրա էլ կառուցել են թուրքական 2 մզկիթ: Կարինը միջնադարյան հայ գրչության կենտրոնն էր, մեզ են հասել մի քանի ձեռագիր մատյան: Կարինում են ծնվել մի խումբ երեւելիներ՝ աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17-րդ դար), հայրենյաց պաշտպան Եղիա Կարնեցին եւ այլք: Կարինում գործել է 10 վարժարան, իսկ ողջ վիլայեթում 22-ից ավելի կրթօջախ է եղել: Վիլայեթն ուներ 1574 բնակավայր, որի բնակչության 1/3-ից ավելին հայեր էին, ողջ վիլայեթում կար 18 իգական եւ 22 արական նախակրթական դպրոց՝ մոտ 2000 աշակերտով ու 70 ուսուցչով, այսպիսի բան ողջ օսմանյան տարածքում չի եղել: Կարինի ամենահին՝ Կենտրոնական վարժարանը, որը հիմնադրել էր 1811 թ. Կարապետ արքեպիսկոպոս Պահլավունին, հետագայում տեղափոխվեց Կ.Պոլիս եւ առ այսօր գործում է:
Կրթական շատ օջախների շարքում իր ուրույն տեղն ուներ 1881թ. հիմնադրված 9-ամյա Սանասարյան արական վարժարանը, որ բարձրագույն կրթություն էր ապահովում, այն գործեց մինչեւ 1916թ.: Աշակերտների ընդհանուր թիվը հայկական վարժարաններում անցնում էր 2800-ը, մինչդեռ թուրքական բացված 3 դասարանով տարրական դպրոցում սովորում էր ընդամենը 18 աշակերտ: Թվերն անհամեմատելի են: Կարինում գործում էր 3 մսուր-մանկապարտեզ այն ժամանակ, երբ Ֆրանսիայում եւ Գերմանիայում այդպիսիք չկային: Կարինում 1878 թ. հիմնադրվել էին թատերական եւ մշակութային մի շարք այլ հայտնի միություններ: Մինչեւ առաջին աշխարհամարտը Կարինում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիք», «Երկիր», «Լույս» պարբերականները եւ եւս մեկը՝ 4 էջանոց, 2-ական էջերով երկլեզու՝ հայերեն ու թուրքերեն մի պարբերական: 1878 թ. Բեռլինի կոնգրեսից հետո համիդյան հակահայ քաղաքականությունը պայքարի կոչեց Կարինի հայությանը: 1881թ. Խաչատուր Կետեկցյանի, Նուշիկյանի, Խաստուրի եւ Նավասարդյանի ջանքերով ստեղծվեց «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի խումբը, որն ուներ ազգային ազատագրական նպատակներ: Նրանք առաջին հայ հեղափոխականներն էին, որ որոշեցին զինյալ պայքար մղել Օսմանյան կայսրության դեմ: Խմբին անդամակցում էին քաղաքի զինագործ արհեստավորները, նրանց թվում էր Ավետիս Վեմյանը, ով գտնում էր, որ հայի փրկության համար 3 բան է պետք՝ զենք, զենք ու էլի զենք: Նրա հայրը՝ Սարգիսը, աժդահա է եղել՝ 2 մ հասակով: Վերջինիս պարտադրել են հավատափոխ լինել, որին չի համաձայնվել, ինչի պատճառով Սարգսի աչքերը հանել էին: Վրեժի ծարավով էր լցված Ավետիսը, դրա համար էլ դարձավ զինագործ: Օսմանյան կայսրությունում օրենք կար, որ քրիստոնյաները փողոցում մուսուլմանի հանդիպելիս պետք է բարեւեին, չբարեւելու դեպքում կարող էին գլխատվել, եթե որեւէ մուսուլման բողոքեր: Ավետիսը գտնում էր, որ դա անարդար է եւ չէր բարեւում, ինչի պատճառով մի անգամ թուրքերը հարձակվում են նրա վրա: Այնուհետեւ կողմերը պայմանավորվում են հաշիվները մաքրել Էրզրումի կիրճերից մեկում: Արդյունքում՝ հայերը մի լավ ջարդում են թուրքերին եւ մեծահոգաբար, սայլերի վրա դրած, ուղեկցում տուն: Դա 1881թ. էր, լուրը տարածվում է ողջ Էրզրումով, որ հայերը չեն հնազանդվում, ուզում են թուրքերին հավասար լինել: Դրանից հետո առաջնորդներին բռնում են եւ զնդանը նետում: Ավետիսը երկար տարիներ հետո բերդից դուրս գալուց հայրենասիրական գործը շարունակելու մղումով քահանա է դառնում, մկրտվում Գարեգին անվամբ եւ հոգեւորականի սքեմի տակ թաքցրած զենք է փոխադրում Էրզրումի տարածքով, մի քանի անգամ էլ առճակատվում է ոստիկանների հետ: «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի գործող խումբն իր 3-րդ գումարած ժողովի ժամանակ որոշում է ընդունում «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներում…» երգը տարածել, որը մինչեւ օրս երգվում է:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.03.2015
Ես թուրքագետ չեմ և խնդրում եմ առանց իմ իմացությամբ տեղի ունեցած սխալն ուղղել անպայման։
Թերթի նյութերը կայքում դրվում են անփոփոխ: