«Ժամանակն է համազգային բանակ ստեղծել, որ յուրաքանչյուր հայ մարդ տիրապետի և′ կենդանի մնալու, և′ զենք կրելու արվեստին»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ազատամարտիկ, Կարին ավանդական պարի համույթի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Անդրադառնալով վերջին օրերին հյուսիսային՝ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա դիվերսիոն հարձակումներին՝ պարոն Գինոսյանն ասաց. «Իրականում հնարավոր չէ նման միջադեպերից իսպառ խուսափել և պետք է ավելի զգոն լինել՝ շատ լավ հասկանալով հակառակորդի տեսակը, որը ինչ-որ չափով քաղաքական խնդիրներ է լուծում: Չմոռանանք, որ մենք ապրում ենք ընդհատված, բայց չավարտված պատերազմի գոտում»:
ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, «Ողջ մնալու արվեստի ակումբ»-ի ղեկավար Վովա Վարդանովը կարծում է, որ ՀՀ իշխանությունների արձագանքը համարժեք է այնքանով, որ «նրանք հարձակվել են, մենք էլ ենք հարձակվել, նրանք վիրավորել են մենք էլ ենք վիրավորել»:
Բայց այդպես էլ չի ստեղծվել տարածքային պաշտպանական համակարգ, որում սահմանապահ համայնքների բնակիչները ներգրավված կլինեն: Վովա Վարդանովը այս առիթով շեշտեց. «Սահմանապահ համայնքների բնակիչները պետք է Կալաշնիկովն ուսին գցած լինեն: Այն, որ ասում են, թե վտանգներ կան դրանում, դա աբսուրդ է: Սահմանապահ գյուղերում զենքի ամնիստիա է պետք հայտարարել, որ զինադարան ստեղծվի, որ ցանկացած բնակչի զենք գրանցված լինի: Նախարարներով իրար հետ սելեկտորային զորախաղեր անելուն է մեր պաշտոնյաների երևակայությունը հերիքում: Այնինչ ոչ թե զորախաղեր է պետք անել, այլ հատուկ համակարգային կենտրոն է պետք ստեղծել, որը կլինի անվտանգության խորհրդի տրամադրության տակ, որի մեջ ընդգրկված են լինելու օպերատիվ բանակի, ԱԱԾ, ներքին գործերի, գյուղապետարանների ներկայացուցիչներ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է զենք կրելու իրավունք ունենան, ոչ թե զենքը տանը կրելու: Ծիծաղելի է, որ գյուղապետարաններին զենք են բաժանել, որոնք կրելու իրավունքն ունեն միայն հինգ տարվա որսորդները: Սա անիմաստություն է»:
Կարդացեք նաև
Վովա Վարդանովը մտահոգություն հայտնեց այն մասին, որ մեր հասարակությունը միայն զոհվածների անուններն է տալիս, միայն նրանց են պարգևատրում, այնինչ չի հնչում Ժորա Գրիգորյանի անունը, որը հերոսաբար դիմադրել է և ողջ մնացել. «Մեզ մոտ չգիտես ինչու պարգևատրվում է միայն զոհվածը: Հիմա անգամ լսում ենք Անդրանիկ Գրիգորյանի անունը, որը զենքը թողել է պոստում և անցել թուրքի կողմը. մարդը գերադասում է ազգային դավաճան դառնալ, բայց գողականով դիմում չգրի, որ իրեն ինչ-որ մեկը նեղացրել է: Ժամանակը չէ՞ գողականությունից ձերբազատվել: Տղա ջան, նեղացրել են, այնքան թույլ ես, որ գերադասում ես դառնալ ազգի դավաճան, քան ընկերների դավաճան: Ինքը պոստում զենք զինամթերքը թողել-հեռացել է: Հիմա նրա մասին ավելի շատ են խոսում, քան Ժորա Գրիգորյանի, որի նկարները մեր դրոշներին խփած պիտի լինեինք: Կամ դպրոց ենք անվանակոչում այն մարդու անունով, որին կացնահարել են, մինչդեռ Լեոնիդ Ազգալդյանի անունով դպրոց չկա: Կամ աբսուրդ է, որ երեխաներն ասում են, որ երազում են Գուրգեն Մարգարյան դառնալ»:
Գագիկ Գինոսյանը մտահոգություն հայտնեց, որ մենք դիրքերում չենք օգտագործում բարձր տեխնոլոգիաներ, պաշտպանական համակարգերի վերազինման խնդիր կա, դեռ օգտագործում ենք պահածոների տուփեր, դիրքերում էլեկտրականություն չկա, որ գիշերային հեռադիտակը լիցքավորեն, այնինչ հակառակորդի կողմում շողոմ է լուսավորությունը: Վովա Վարդանովը հավելեց. «Պիտի լինեն շնաբուծարաններ, ձիերն էլ պետք է օգտագործվեն: Անշուշտ, թերացումներ կան, որ ժամանակակից սարքերի փող չկա, կամ ինչո՞ւ նորմալ շնաբուծարաններ չունենք բանակի համար: Ինչն է շատ, մասնագետները»:
Aravot.am-ի հարցին՝ հուլիսյան դիվերսիոն հարձակումներից հետո էլ էին բարձրաձայնում նույն այս խնդիրների մասին, հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, պարոն Վարդանովն ասաց, որ հանդիպումներ եղել են, քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով դիվերսիոն հարձակումների քաղաքական կողմին՝ պարոն Գինոսյանը նկատեց, որ ապրիլի 24-ին ընդառաջ ապակայունացման, սադրիչ դրսևորումներ են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ