Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուսնության գաղտնիքը (պատմվածք)

Մարտ 23,2015 12:10
matani

Մտքերով տարված` Միսակը քայլում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի աջակողմյան մայթով, երբ հանկարծ մեկը կամացուկ բռնեց նրա թևը:

-Չե՞ս էլ ուզում նայել, մոռացե՞լ ես ընկերոջդ, ինչպե՞ս են գործերդ:

-Ոչինչ,-անտարբեր ասաց Միսակը` ուսերը վեր քաշելով:

-Ի՞նչ ես ասում, մի-մի հոնի օղի չգցենք, գյուղից են բերել, ափսոս, կինս տանը չէ, բայց մի բան կգտնենք ուտելու:

-Այդպե՜ե՜ս,-ծոր տվեց Միսակը,-ուրեմն ամուսնացել ե՞ս:

-Հը, դե ասա, համաձայն ե՞ս,-նորից հորդորեց Գերասիմը:

-Ինչպե՞ս թե համաձայն եմ, բա կարելի է, գյուղի արդար հոնի օղուց հրաժարվել,-պատասխանեց Միսակը:

-Դե՛, գնացինք,-ուրախացավ Գերասիմը:

Ոլորապտույտ աստիճանները նրանց տարան մինչև հինգերորդ հարկ: Գերասիմը գրպանից հանեց բանալիները, բացեց դուռը, և լսվեց նրա ուրախ ձայնը:

-Օ~, անուշս, դու տա՞նն ես, իսկ ես կարծում էի, թե աշխատանքի ես գնացել:

-Հերթս փոխել եմ, երեկոյան եմ գնալու, ընկերուհիս զանգեց ու շատ խնդրեց,- ասաց կինը:

-Ա~յ, դա հրաշալի է, ես էլ մտածում էի, թե ինչպես պիտի պատվեմ իմ հարգարժան ընկերոջը, ծանոթացեք, կինս է,-ասաց Գերասիմը` առաջ հրելով զարմացած կնոջը:

Անսպասելի հանդիպումից հանկարծակիի եկած Միսակը շարունակում էր դռան առաջ փռած փալասի վրա ոտքերը ետ ու առաջ տանել` մաքրելու համար:

-Շատ ուրախ եմ,-ներս մտնելով ասաց Միսակը` ձեռքը պարզելով դեպի Գերասիմի կինը,-Միսակ, հաստատապես ամուրի:

-Ձեր մասին գրեթե ամեն ինչ գիտեմ, Գերասիմը պատմել է, գովել,-ժպտալով ասաց կինը և ներողություն խնդրելով` անմիջապես խոհանոց գնաց:

Միսակը նայում էր Գերասիմին ու զարմանում, թե ինչքա¯ն է փոխվել նա: Այն երկչոտ երիտասարդը, որ ամաչում էր նույնիսկ աղջիկների ներկայությունից, հիմա համարձակ ու վստահ է իրեն զգում: Հետո պատշգամբ դուրս եկան, որտեղից քաղաքը ափի մեջ էր երևում: Ողբի ձայն լսվեց: Գերասիմը զգալով Միսակի դեմքի հարցական փոփոխությունը` ասաց.

-Խոպան հողերից սպանվածի դիակ են բերել, երիտասարդ էր, մեղք էր:

Շուտով լվացվեցին և սեղան նստեցին: Կարծես թե նախօրոք պատվիրված սեղան լիներ, ամեն ինչ կար:

-Ողջ լինենք,-բաժակը վեր բարձրացնելով`ասաց Գերասիմը,-ես քեզ շատ եմ հարգում, չկարծես, թե քծնում եմ, հետաքրքիր աշխարհ է, մի քանի օր առաջ մեկին էի հյուրասիրում, բայց նրա հետ չեմ կարող զրուցել, սիրտս բացել, իսկ քեզ հետ ուրիշ է, գիտեմ, որ դու կես բառից հասկանում ես ինձ, պրոֆեսոր ջան: Հասկանում ե՞ս Ժենյա,-դարձավ նա կնոջը,-սա իսկական պրոֆեսոր է, փիլիսոփա, ախր, գրողը տանի, նա ամեն ինչ գիտի, հազար անգամ տեսնում եմ, լսում, էլի մոռանում եմ, իսկ սա այնպես է բացատրում ու գլուխդ տեղնուտեղը հալած յուղի պես լցնում, որ զարմանում ես, թե ո՞նց է այդ ամենը հիշում:

-Դե լավ, շատ մի, գովիր,-նեղսրտեց Միսակը,-բացատրում եմ այնպես, ինչպես ուրիշները, դու պարզապես չափազանցնում ես:

-Համեստ մի’ ձևացիր ու մի’ խորամանկիր, Ժենյա, լսի’ր, ասենք նա նյութը բացատրել ու հասցրել է մինչև այստեղ,-նա ցույց է տալիս օղու բաժակի պռունկը,-մեկ էլ հարցնում է, հը, վերջը ո՞նց կլինի: Իսկ ես աչքերս եմ ճպճպացնում, ի՞նչ իմանամ, թե վերջը ոնց կլինի, եթե իմանամ էլ, վախենում եմ ասել, բա որ հանկարծ սխալ լինի՞:

Գերասիմը շաղակրատում էր ու բաժակ բաժակի հետևից դատարկում, Միսակին էլ ստիպելով` նույն ձևով վարվել:

Երեկոյան, արդեն գինովցած, ընկերները փողոց դուրս եկան: Գերասիմի կինը` Ժենյան, վաղուց երկրորդ հերթի աշխատանքի էր գնացել, իսկ նրանք դեռ երկար ժամանակ զրուցել էին սեղանի շուրջ: Չնայած երեկո էր, բայց օդը դեռ հեղձուկ էր, իսկ ներսից վառում էր հոնի կատաղած օղին:

Հաճելի պահ էր երկու ընկերների համար:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031