Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ երաժիշտները կբարձրաձայնեն ցեղասպանության մասին

Մարտ 23,2015 13:00

Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի կմեկնարկի մարտի 28-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը (լուսանկարում), ապրիլ ամիսը շատ խիտ է եւ հագեցած մեծանուն երաժիշտների այցերով: «Մենք նաեւ ոգեւորված ենք այն իմաստով, որ իրենք ապրիլ ամսին են գալիս եւ իրենց խոնարհումն ու հարգանքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ ապրիլի 2-ին Երեւանում հանդես կգա «Երեւանյան հեռանկարների» բարեկամ եւ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Ապրիլի 10-12-ին Երեւանը կհյուրընկալի Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոնային ընթերցումներ» խորագրով սեմինարը, որն ամեն տարի ընթանում է որեւէ անդամ երկրում, եւ համախմբում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստի մենեջմենթի առաջատար մասնագետների, որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային արվեստում: Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, եռօրյա սեմինարն առանձնահատուկ օգտակարություն կունենա հատկապես ոլորտի հայ մասնագետների համար, որովհետեւ Հայաստանում այդ տեղը բաց է. «Եռօրյա դասախոսությունները օգտակար կլինեն արվեստի ադմինիստրատորների, համերգասրահների, խմբերի մենեջերների համար, բազմավաստակ դասախոսներ կայցելեն Հայաստան, որոնց թվում կլինի Էդինբուրգի փառատոնի տնօրենը, Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի տնօրինության անդամները եւս այստեղ կլինեն: Երեք օրերից մեկը կանցնի Բյուրականում, քանի որ ապրիլի 3-ին Բյուրականում բացված կլինի մեր փառատոնի ակադեմիան: Դա շատ ուրախալի լուր է՝ մեծ հեղինակությամբ փառատոները սովորաբար ունենում են սեփական ակադեմիաները, որտեղ իրենց մասնագիտական օգուտն են քաղում երիտասարդ երաժիշտները: Մեր նպատակն է, որ մեր երիտասարդ շնորհալի երաժիշտները եւս ակադեմիայի շնորհիվ կկարողանան իրենց մասնագիտական առաջխաղացումը գտնել Հայաստան այցելող անվանի արվեստագետների միջոցով»: Ապրիլի 27-ին կրկին մի սպասված համերգ կկայանա՝ հայկական արմատներով օպերային հանրահայտ երգչուհի Մարիա Կուլեգինայի մասնակցությամբ: Նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Ապրիլի 29-ը նույնպես բացառիկ օր է՝ լեգենդար «Քրոնոս» քառյակն է ժամանելու: Մասնագետների գնահատմամբ, այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն եւ որակ՝ լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ:

«Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, եւ հատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով՝ «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին: Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: «Հուզիչ է, որ մեծանուն երաժիշտներն ապրիլին կլինեն մեր երկրում եւ իրենց խոնարհումը կբերեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-փաստում է «Երեւանյան հեռանկարների» տնօրենը ու հավելում, որ տարվա ընթացքում այլ մեծանուն երաժիշտների համերգներ էլ կլինեն:

Անդրադառնալով «Քեզ հետ Հայաստան» շարքին, Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ դա մի առանձին ծրագիր է, որտեղ գործի են դրել իրենց փառատոնի 15 տարվա կապերն ու ամբողջ հեղինակությունը, որպեսզի արտասահմանցի հեղինակավոր երաժիշտները խոսեն ցեղասպանության մասին, ոչ թե հայերը: «Դա շատ ազդեցիկ է լինելու, քանի որ այդ երաժիշտներից յուրաքանչյուրի խոսքին միլիոնավոր մարդիկ են հետեւելու: Մի բան է, որ հայերը խոսեն ցեղասպանության մասին, լրիվ այլ բան է, որ դրա մասին բարձրաձայնեն Կիսինը, Պենդերեցկին, մյուսները… Ի դեպ, այդ շարքի առաջին համերգը տեղի ունեցավ Երուսաղեմում՝ մեր ակնկալածից ավելի մեծ արձագանքով: Այն երկրները, որտեղ անցկացվում են համերգները, բարդ երկրներ են՝ քաղաքական իմաստով. ոչ ԱՄՆ-ում, ոչ Բրիտանիայում, ոչ Իսրայելում դեռեւս պաշտոնապես ընդունված չէ Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ԶԼՄ-ների՝ ցեղասպանության թեմայի մասին խոսելը բարդ խնդիր է, բայց մեծանուն երաժիշտների միջոցով այդ հարցն առավել քան հնչեղ եղավ, ինչպես, օրինակ, Իսրայելում: Տեղի ԶԼՄ-ները ողողված էին հայտարարություններով, առաջին անգամ իրենց սեփականաշնորհած հոլոքոստ բառը հայերի մասին ու Հայոց ցեղասպանության համատեքստում էլ օգտագործվեց:

Երուսաղեմում հանդես եկան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնում՝ հանդես կգա Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Տալլինում արդեն ելույթ է ունեցել Տղամարդկանց պետական երգչախումբը՝ «Հորտուս Մուզիկուս»- ի հետ, ամերիկյան Քարնեգի հեղինակավոր համերգասրահում, որտեղ համերգ ունենալն արդեն մեծ պատիվ է, նվագելու է Եվգենի Կիսինը, Քշիշտոֆ Պենդերեցկու նոր ստեղծագործության պրեմիերան է լինելու, որը գրելիս կոմպոզիտորը մեր «Հովեր» երգչախմբին է պատկերացրել: Ապրիլի 26-ին մեծ համերգ կլինի Բրյուսելում՝ Մաքսիմ Վենգերովի, Միշա Մայսկու եւ Սերգեյ Նակարյակովի մասնակցությամբ, Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Ջորջ Փեհլիվանյանը: Հռոմում համերգ կլինի Միլանի Լա Սկալա նվագախմբի մասնակցությամբ, ընդ որում՝ նվագախումբը կղեկավարի Դանիել Հարդինգը: Համերգների շարքը կեզրափակվի Վիեննայում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով»,- տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031