Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասաց իշխանությունն ընդդիմության ականջին

Մարտ 23,2015 12:00

Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից անմիջապես հետո ընդդիմադիր դաշտը վերաձեւավորվեց, եւ ազդարարվեց միանգամայն անծանոթ, միանգամայն արտասովոր եւ միանգամայն նոր տեսակի ընդդիմության ծնունդը:
Փաստորեն, այն, ինչ Արթուր Բաղդասարյանի դեպքում ԱԽՔ էր որակվում, նույն մարդկանց կողմից հռչակվեց քաղաքագիտություն:

Այսուհանդերձ, առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը շատերի մոտ միանգամայն դրական ազդեցություն ունեցավ: Բայց, իհարկե, ամենից ավելի այն անդրադարձավ ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:

Այդ պահի դրությամբ ԲՀԿ-ն դեռեւս ընդամենն այլընտրանք էր: ՀԱԿ-ԲՀԿ հայտարարված դաշինքից որոշ ժամանակ անց երկուսով միասին միասնաբար ինքնահռչակվեցին ոչ իշխանական: Այս «ոչ իշխանականը» նույնպես նորություն էր: Մինչ այդ մեզանում գոյություն ունեին երկու տեսակի քաղաքական ուժեր՝ իշխանամետ ու ընդդիմադիր: Լավագույն դեպքում՝ չափավոր ու մեղմ ընդդիմադիրներն իրենց անվանում էին կառուցողական ընդդիմություն: Բայց նրանցից որեւէ մեկի մտքով չէր անցնում իրեն ոչ իշխանական որակել: Եվ շատ էլ ճիշտ էին անում, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, բնականաբար՝ ոչ իշխանական են, անկախ նրանից՝ իշխանամե՞տ են, կառուցողակա՞ն, թե՞ ընդդիմադիր: Այս «ոչ իշխանականը», ըստ ամենայնի, առաջին նախագահի քաղաքական հերթական նորաբանությունն էր, որովհետեւ ուրիշ մեկը դժվար թե համարձակվեր այդքան վիճելի ու այդքան անհամոզիչ արտահայտությունն այդքան վստահորեն արտաբերել: Նույն վստահությամբ, ինչ վստահությամբ որ ավելի վաղ «քաղաքագիտականն» էր արտաբերվել ու քաղաքական բառապաշար ներմուծվել:

Փաստորեն, վերջին յոթ եւ ութ տարիների ընթացքում առաջին նախագահն ընդդիմադիր դաշտն իրենով է արել եւ չնայած վերջին շրջանում ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քավորությամբ ու դոնորությամբ էր էդ անում՝ ժամանակ առ ժամանակ հանգստանալով, շունչ քաշելով եւ ժամանակավորապես իր սեփականաշնորհած դաշտը մեծահոգաբար Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սեֆիլյանին զիջելով, այդուհանդերձ՝ հանգստանալուց ու մի քիչ շունչ քաշելուց հետո վերստին վերադառնում էր Ազատության հրապարակ եւ քաղաքագիտական հերթական գլուխգործոցն էր արտասանում, եւ իր ամեն վերադարձից հետո մենք վերստին համոզվում էինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում իրեն ավելի ազատ ու ավելի լավ է զգում, քան Բաղրամյան 26-ում՝ իր իսկ իշխանության տարիներին, եւ հավանաբար նաեւ էդ հանգամանքն է պատճառը, որ ինքն ընդդիմադիր դաշտը հիմնավորապես որեւէ մեկին չի զիջում, մինչդեռ 98-ին իշխանությունը չափազանց հեշտությամբ զիջեց, ընդ որում՝ զիջեց հենց նրանց, ում դեմ վերջին մի քանի տարիներին անխոնջ պայքար է մղում՝ վերջերս իր հույսերը հիմնականում Ծառուկյանի հետ կապելով: Հետաքրքիրն այն է, որ Ծառուկյանի հետ չափազանց լուրջ հույսեր էր կապում ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ բողոքավոր ժողովրդի մեծ մասը:
Ծառուկյանը, մեղմ ասած, չարդարացրեց իր վրա դրված հույսերը: Ընդ որում, հուսախաբվողը ոչ էնքան ոչ իշխանական եռյակն էր, որքան բողոքավոր ժողովրդի այն մասը, որը Ծառուկյանին արդեն թագավոր էր հռչակել:

Հիմա արդեն իսկապես կարիք ունենք քաղաքագիտական վերլուծաբանի, որովհետեւ տեղի ունեցածը բոլորիս համար ոչ միայն անսպասելի էր, այլեւ անհասկանալի:
Ո՞վ գժտեցրեց Ծառուկյանին ու Սերժ Սարգսյանին եւ ո՞վ հաշտեցրեց: Մոտավորապես գիտենք: Բայց չգիտենք, թե ի՞նչ են խոսել իրար հետ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն առանձին: Երեւի կարեւոր ու էական բան են խոսել, այլապես այդ ամենն այդքան արագ չէր հանգուցալուծվի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031