Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքու մեկնելու մասին ի՞նչ են մտածում ՀՀ նախագահը, ԱԺ-ն եւ կառավարությունը

Մարտ 23,2015 12:30

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել, որ Հայաստանը պետք է մասնակցի ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին:

Հարեւան հանրապետության մայրաքաղաքում հանդես գալու համար ընտրվել է հենակետային վեց մարզաձեւ. ըմբշամարտ, բռնցքամարտ, սամբո, հրաձգություն, թաեքվանդո եւ ձյուդո: Ընդորում, շատ ցանկալի է, որպեսզի Բաքու մեկնեն նշված մարզաձեւերի մեր առաջատար մարզիկները, որոնք կարող են պայքարել ու հաղթել: Այս դեպքում «կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական նշանաբանը չի անցնում: Այս ամենով հանդերձ, ՀԱՕԿ-ը հայտարարել է, որ յուրաքանչյուր մարզիկ ինքն է որոշելու՝ Բաքու գնա՞լ, թե՞ ոչ, որ որեւէ պարտադրանք չի լինելու: Ազգային ֆեդերացիաներն ու հավաքականներն էլ դեռ մտորումների մեջ են, դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել: Որոշ ֆեդերացիաներ հակված են մասնակցել՝ մտավախություն ունենալով, որ հակառակ դեպքում դա կարող է հետեւանքներ ունենալ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունում, վարկանիշային մրցաշարերում, մյուսները՝ հակառակը, վճռական են տրամադրված:
Մեր ուժեղագույն մարզիկներն ու հավաքականները մեկ անգամ չէ, որ աշխարհի տարբեր երկրներում անցկացված միջազգային ամենաբարձր մակարդակի մրցաշարերում բարձրացրել են Հայաստանի պետական դրոշը, հնչեցրել օրհներգը: Սակայն Ադրբեջանն այլ է: Այստեղ ոչ այնքան մեդալներ նվաճելու հավանականության մասին է խոսքը, որը կապված է հակահայկական ընդհանուր մթնոլորտի, մարզիկների հոգեբանական ճնշվածության, հնարավոր ուղղորդված մրցավարության հետ, որքան ամեն քայլափոխում՝ անվտանգության:

Այնպես չէ, որ ՀԱՕԿ-ի ղեկավարությունը երազում է, որպեսզի մեր մարզիկներն անպայման մեկնեն Ադրբեջան եւ վերը նշված խնդիրները նրան չի մտահոգում: Կարծում ենք, որ այլընտրանք չի եղել եւ սա ինչ-որ տեղ հարկադրված վճիռ է՝ կայացված զուտ մարզական նկատառումներով, որոնց մանրամասներին շատերը տեղյակ չեն: Ասենք, հրաժարվելը կարող է մեծապես վնասել ինչպես անհատ մարզիկի մարզական կարիերային, այնպես էլ Հայաստանի միջազգային մարզական հեղինակությանը: Առջեւում 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներն են, որոնցում Հայաստանը մտադիր է Ռիո դե Ժանեյրոյի հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճել:

ՄՕԿ-ի ու ԵՎՕԿ-ի նախագահներ, պարոնայք Թոմաս Բախը եւ Պատրիկ Հիկին դեռ անցած տարվանից, երբ գտնվում էին Երեւանում, Բաքվում Հայաստանի մարզական պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ խոստանում են բարձր մակարդակով: Եվրոպական խաղերը նրանց միջոցառումն է, այլ ոչ թե Ադրբեջանի:
Եվրոպական խաղերին մասնակցելը, կրկնում ենք, մեզ համար մարզական նպատակներ է հետապնդելու: ՀԱՕԿ-ի եւ ազգային ֆեդերացիաների գլխավոր խնդիրների մեջ բացի հավաքականների համար նախապատրաստության անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելը, կարեւորներից մեկը լինելու է նաեւ այնտեղ հնարավորին չափ արդար մրցավարություն ապահովելու նպատակով միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելը: Բայց միեւնույն է, իրական անվտանգության խնդիրը օրակարգային է: Այնպես որ, մերոնց մեկնել-չմեկնելը նաեւ քաղաքական հարց է: Եվ քանի որ այս անգամ թեման ավելի թեժ է, կարծում ենք, վերջնական որոշման համար դեռ իրենց խոսքն ունեն ասելու նաեւ ՀՀ նախագահը, ԱԺ-ն եւ ՀՀ կառավարությունը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031