Հագուստի գույնի եւ ոճի ընտրությամբ կարելի է բնութագրել այն կրողի խառնվածքը, բնավորությունը, տրամադրությունը, նախասիրությունները եւ այլն։ Հոգեբանները պարզել են, որ գույների եւ բնավորության միջեւ կա որոշակի կապ։ Ցուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրած գույնը։ Հաճելի կամ տհաճ զգացողությունն այս կամ այն գույնի հանդեպ ժամանակի ընթացքում կարող է փոխվել, բայց բոլոր դեպքերում այն արտահայտում է տվյալ անհատի խառնվածքն ու բնավորությունը։ Բացի այդ, գույները տարբեր կերպ են ազդում մարդու հոգեվիճակի վրա։
Սպիտակ գույնը բոլոր գույների համադրումն է։ Համարվում է իդեալական, երազանքների գույն։ Դուր է գալիս տարբեր բնավորությունների տեր մարդկանց։ Սակայն սպիտակը նաեւ երկիմաստ է. այն միաժամանակ արտահայտում է ե՛ ւ լույսի ճառագում, ե՛ւ սառույցի սառնություն։ Սեւը խորհրդանշում է անվստահություն եւ կյանքից կոտրվածություն։ Նա, ով նախընտրում է ամբողջովին սեւ հագուստը` բացառությամբ նորաձեւության քմահաճությունների եւ սգի, իր անձի հանդեպ ունի բացասական վերաբերմունք, անընդհատ ճնշված է, հոռետես, կարծում է, որ կյանքի իդեալներն անհասանելի են իրեն։ Սեւ գույնը վտանգի ազդանշան է եւ ճնշող ու տագնապալից հոգեվիճակ է ստեղծում։ Դա, հավանաբար, պայմանավորված է սեւ գիշերվա եւ թաքնված վտանգների հետ, որոնք մարդուն ուղեկցել են դեռեւս հին ժամանակներից։ Այս գույնը ուժեղ է ազդում մարդու ներաշխարհի վրա, եւ որպեսզի ցրվի հոռետեսական տրամադրությունը, այն կարելի է զուգակցել որեւէ վառ գույնի` կարմիր, դեղինի հետ: Լրջմիտ, չվստահող բնավորության տեր մարդկանց սիրած գույնը մոխրագույնն է, ովքեր որեւէ որոշում կայացնելիս շատ երկար են մտածում։ Այս չեզոք գույնը նաեւ նախընտրում են նրանք, ովքեր վախենում են քննադատվելուց։ Խանդավառ, թեթեւ բնավորություն ունեցողներին այս գույնը դուր չի գալիս։ Կարմիրի սիրահարները շատ են, սա կրքի գույն է: Ովքեր սիրում են այս գույնը, համարձակ են, կամային, իշխող։ Կարմիր գույնը զուգորդվում է արյան եւ հրդեհի հետ, ծնում է անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվությունը։ Դեղինը խորհրդանշում է խոսքը, խոսում է հանդարտության, անբռնազբոսության, մտավոր կարողությունների մասին։ Այս գույնը սիրողները հետաքրքրասեր են, շփվող եւ հեշտ հարմարվող։ Սիրում են տպավորություն գործել շրջապատի վրա։ Կենտրոնացած, հոռետես եւ դժվար շփվող մարդիկ տհաճություն են զգում այս գույնից։ Դեղինը գրգռող ազդեցություն է թողնում, մարդու մեջ առաջ բերում ջանքեր գործադրելու ցանկություն։ Կանաչը բնության գույնն է, կյանքի սկիզբը։ Ով նախընտրում է այս գույնը, վախենում է ուրիշի ազդեցությունից եւ ինքնահաստատման միջոցներ է փնտրում։ Ով չի սիրում այս գույնը, վախենում է խնդիրներից, ճակատագրի շրջադարձից եւ զանազան դժվարություններից։
Կանաչը հանգիստ եւ հաճելի հոգեվիճակ ստեղծող գույն է։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ