Ռուսաստանի իշխանությունները սկսել են հայ լրագրողների հետապնդումները
Ռուսաստանի իշխանությունների ջանքերով փակված «Երրորդ Ուժ» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նամակում ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ: Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (այդ դատավճռի պատճենը կցված է): Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:
Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը նույնպես կցված է): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումները անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:
Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես կցված է): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…
Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Դուք, ներկայումս լինելով ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել եք, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ:
Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները: 14 տարուց ավելի ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին:
ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը , այսինքն` Դուք) տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին:
Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են Ռուսաստանի պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով:
Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Վահրամ Աղաջանյան
«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի
գլխավոր խմբագիր