Ամեն տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում տոնվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը (World Day of Water)։ Այդ օրվա խորհրդով, Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքի թվով հինգերորդ՝ «Ես ջուրն եմ» տեսահոլովակը հայերեն ենթագրերով, որը ներկայացնում է աշխարհահռչակ դերասանուհի Պենելոպե Կրուզը:
Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում:
Եկեք միասին մտածենք, թե մենք ինչ ենք կարող անել Հայաստանի ջրային պաշարները պահպանելու և ճիշտ օգտագործելու ուղղությամբ։
«Ես ջուրն եմ։ Մարդկանց թվում է՝ ես պարզապես կամ։ Կարծես այդպես էլ պետք է լիներ: Բայց չէ՞ որ ես սահմանափակ եմ, իսկ նրանք օր օրի շատանում են:
Կարդացեք նաև
Ես սկսվում եմ լեռներից՝ որպես անձրև, հետո հոսում եմ գետերով և թափվում օվկիանոս։ Հետո այդ շրջանը նորից է սկսվում։ Ինձնից 10 հազար տարի կպահանջվի, որպեսզի հասնեմ իմ ներկայիս վիճակին։
Բայց մարդկանց համար ես ուղղակի ջուր եմ… Պարզապես կամ։ Ո՞ւր կլինեմ ես, երբ իրենց թիվն աճի ևս մի քանի միլիարդով։ Իսկ որտե՞ղ կլինեն հենց իրենք: Նրանք ինձ համար պատերազմնե՞ր են մղելու, ինչպես այսօր են մղում ամեն ինչի համար։ Դա հնարավոր տարբերակ է, բայց՝ ոչ միակը։
Բնությունը չունի մարդկանց կարիքը:
Մարդիկ ունեն բնության կարիքը»:
Թարգմանությունը՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)