Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախ փորձագետ. «Ներկայիս ՄՄ-ն, ԵՏՄ-ն մեռելածին նախագծեր են»

Մարտ 21,2015 16:46

«Ամենածիծաղելին այն է, որ մեր երկրում այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի: Մեր երկրի պետական վիճակագրությունը ահավոր է, ինչի պատճառով ազատ դաշտ է թողնված շառլատանների համար, օրինակ՝ Գլազևի նմանների համար»,-խոսելով Ղազախստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության դրական և բացասական կողմերից «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած «Եվրասիական միություն. խնդիրներ, անդամ երկրների հարաբերություններ եւ հեռանկարներ, Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններ. պատճառներ, կանխատեսելի արդյունքներ եւ դրանց ազդեցությունը ԵԱՏՄ-ում Ղազախստանի անդամության վրա» թեմայով օնլայն ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ղազախ քաղաքագետ Այդոս Սարիմին:

Ասուլիսին անդրադարձ կատարվեց նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը: Հարցին՝ Ղազախստանի ի՞նչ անվտանգության հարցեր է լուծում ՀԱՊԿ-ը, քաղաքագետը պատասխանեց. «Դե, գուցե զինվորներն ու սպաները վարժվում են, բարձրացնում իրենց որակավորումը: Կարծում եմ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի նախագիծն է ստեղծել սեփական ՆԱՏՕ-ն ոչ ավելի, ոչ պակաս: ՊԱՀԿ-ին նույն ճակատագիրն է սպասվում, ինչ ԵԱՏՄ-ին: Թեկուզ հիշենք այն, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չկարողացավ անել Ղրղըզստանում, ուստի ձեր գործընկերները միամտորեն են կարծում, որ ՀԱՊԿ-ը կարող պաշտպանել Հայաստանին Ադրբեջանից: Եթե Ձեր քաղաքական ղեկավարությունը ՀԱՊԿ-ը համարում է ազգային անվտանգության հիմնաքար, ապա նրանք հիմարներ են: ՀՀ-ՌԴ հարաբերությունները գուցե այո, բայց ՀԱՊԿ-ը ֆիկցիա է»:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Ղազախստանը Հայաստանին պաշտպանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քաղաքագետը պատասխանեց՝ խիստ կասկածում է և հավելեց. «Աստված չանի, եթե պատերազմ լինի Ղարաբաղի համար, ապա նույնիսկ ՀԱՊԿ շրջանակներում կասկածում եմ, որ մեր զինվորները պաշտպանեն Հայաստանին, ավելի հավանական է, որ ղազախ կամավորներ մեկնեն Ադրբեջան»:

ԵԱՏՄ-ի հեռանկարների մասին պարոն Սարիմին ասաց. «Իրատես լինենք, ամենայն հավանականության այս ծրագիրն ի չիք կդառնա: Լուրջ երկրները այդ միություն հաստատ մուտք չէին գործի»:

Ղազախստանյան քաղաքական վերնախավում պանթյուրքական մտածելակերպի տարածվածության մասին քաղաքագետն այսպես արտահայտվեց. «Ձեր գործընկերներից շատերի համար պանթյուրքիզմն ահավոր բառ է: Իրականում յուրաքանչյուր նորմալ, առողջ, իր պատմության ու մշակույթի, հիշողության ու սրտի հետ հաշտ ղազախը պանթյուրքիստ է: Դուք մեզ դժվար հասկանաք: Որովհետեւ հայերը եղբայրներ չունեն: Իսկ մենք նույն ընտանիքին պատկանող ժողովուրդներ ենք: Եվ նորմալ մարդը պետք է մտածի իր եղբայրների մասին, մտածի, թե ոնց են նրանք ապրում, ոնց կարելի է նրանց օգնել: Յուրաքանչյուր ղազախ թուրք է եւ մուսուլման: Սա մեր հակասական հոգու մի մասն է»:

Ղազախստանի՝ ՀՀ ԵՏՄ անդամակցության բավականին սառը ընդունելությունը քաղաքագետը բնական է համարում և խնդրում չնեղանալ, քանի որ  «ղազախների ինչի՞ն է պետք Հայաստանը»: Այս առիթով նա մանրամասնեց. «Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը համարյա վիճակագրական սխալանքի մակարդակի է: Գրեթե զրո ներդրում ունենք Հայաստանում: Ուրեմն ի՞նչ ուրախանալու բան կա»:

Այս հարցում ղազախ քաղաքագետ հիշեց իրենց՝ բարոյական, մարդկային, քաղաքական պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ, ղարաբաղյան հակամարտությունը. «Ձեր առջև դեռ Ղարաբաղի համար մեծ պատերազմ կա, որը վերադարձնելու անհրաժեշտություն այսպես թե այնպես առաջանալու է: Ես հասկանում եմ Հայաստանին, որը բավական դժվար իրավիճակում է ոչ բարեկամ երկրների շրջակայքում: Հավանաբար Ռուսաստանը ձեր ղեկավարության պատկերացմամբ Հայաստանի գոյատևման միակ միջոցն է: Հայաստանը փաստորեն բռնվում է ռուսաստանյան սվիններից»:

Հարցին՝ հնարավո՞ր է մեկ ընդհանուր տարադրամ ներմուծվի ԵՏՄ տարածք, Այդոս Սարիմին պատասխանեց. «Ես չեմ հավատում: Եվ ընդհանրապես ես ԵՏՄ ապագային չեմ հավատում: Այս կառույցի վերջը լինելու է ԱՊՀ-ի նման: Իսկ միասնական տարադրամը որոշ մարդկանց ցանկություններն են:Կարելի է երազել, սուրճի բաժակ նայել, հետո՞ ինչ»:

Դիտարկմանը՝ ԵՏՄ-ն Նուրսուլթան Նազարբաևի գաղափարը չէ՞ր, փորձագետն ասաց. «Եթե կարդաք նրա բոլոր աշխատությունները, ապա դրանցում կգտնեք ոչ միայն այդ գաղափարը: Շատ են եղել նման մտքերը, ինչո՞ւ եք կարծում, թե հենց այդ գաղափարն էր ամենալավը: Այս տարի այն մարդկանց թիվը, որոնք հավատում էին ՄՄ-ին և ԵՏՄ-ին ավելի պակասեցին: Հաջորդ տարի ավելի կպակասեն: Սա ես չեմ հորինում: Այդպիսին է ուտոպիական ավտորիտար պրոյեկտների զարգացման ուղին, որը կառուցվել է առանց հանրային կարծիքը հաշվի առնելու»:

Ըստ փորձագետի՝ «իրական ինտեգրացիայի համար մենք դեռ պատրաստ չենք, հատկապես Ռուսաստանը: Միգուցե պետք է անցնի հավելյալ 10-20 տարի, փոխվի քաղաքական գործիչների, մարդկանց 1-2 սերունդ: Իսկ ներկայիս ՄՄ-ն, ԵՏՄ-ն մեռելածին նախագծեր են: Ավելի հեշտ ձևակերպմամբ, պրոյեկտներ են, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ խաղաղ ամուսնալուծությանը, ռուսական իմպերիայից բաժանմանը, քանի որ իրականում երկու եղանակ կա դա անելու համար` առճակատում կամ խաղաղ: Առաջին ճանապարհն ընտրեցին Վրաստանն ու Ուկրաինան: Երկրորդը` մենք բոլորս: Ծայրահեղ դեպքում դեռևս գոնե մինչ այս պահը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Էսի ղազախական Արթուր Սաքունցն ա )))))))))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031