Մարտի 22-ին աշխարհը տոնում է ջրի համաշխարհային օրը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով թեմային ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը Հայաստանում, առաջին հերթին, առանձնացրեց Սեւանա լճի խնդիրը:
«Մենք բոլորս մտահոգված ենք, որպեսզի Սեւանի մակարդակը բարձրանա: Ցավոք, քանի որ անցյալ տարի Սեւանից թողքերը ավելացվեցին, ստացվեց, որ այս տարվա հունվարի մեկից Սեւանում ունենք բացասական հաշվեկշիռ, որն օրենքով անթույլատրելի է»,-հայտնեց ջրաբանը:
Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ Արփա-Սեւան թունելն էլ չի աշխատում այնպես, ինչպես անհրաժեշտ է, շատ անգամ Կեչուտից վերցված հոսքերն էլ լցվում են ոչ թե Արփա-Սեւան ջրատարի մեջ, այլ Եղեգիս գետը: Պատճառը, ըստ մասնագետի, մեկն է. «Եղեգիս գետի վրա մեր օլիգարխներից մեկը կառուցել է 12 փոքր ՀԷԿ, իսկ որպեսզի այդ ՀԷԿ-երը լավ աշխատեն, այնտեղ ջուր է հարկավոր»: Սեւանա լիճ մտնող գետերն էլ են աղտոտված, ռեստորաններից բացթողումները, գյուղերի կոյուղաջրերը լցվում են գետերի մեջ. «Մենք հիմա չունենք կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայաններ, միայն մեխանիկական կայաններ կան: Այդ կեղտոտ գետերն իրենց ջուրը լցնում են Սեւան, եւ հիմա Սեւանա լճի ջուրն էլ աղտոտվածության խնդիր ունի»:
Անդրադառնալով Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանին, ջրաբանը նշեց, որ այն գերշահագործվել է, տարեկան 400 միլիոն մետր խորանարդ ջուր վերցնելու փոխարեն վերցրել են մեկ միլիարդ մետր խորանարդ ջուր. «Այդ ջրավազանի մակարդակը կտրուկ իջել է, ժամանակին հորերը շատրվանում էին, հիմա գյուղացիները խորքային պոմպեր են տեղադրում»:
Կարդացեք նաև
Տիկին Հովհաննիսյանը սակայն տեղեկացրեց, որ ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետը զեկուցել է՝ ավազանի ջրային ռեսուրսների լրացման համար 750 միլիոն խորանարդ մետր ջուր է լցվել ավազանի մեջ եւ արտեզյան ավազանի մակարդակը բարձրացել է 70 սմ-ով: Բանախոսն այս թվերը հուսադրող է համարում:
Բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ էլ՝ մենք մոռացել ենք այն վերաբերմունքի մասին, որը մեր նախնիներն ունեցել են ջրի նկատմամբ. «Մենք հիմա ջուրը որպես կոյուղի ենք ընկալում, ջուրը կտանի աղբը, բայց ո՞ւր: Շատ եմ ափսոսում, բայց այդքան աղբով լցված երկիր ես չեմ տեսել: Գարնանը, երբ վարարում են գետերը հետո իջնում են, ամբողջ կողքի ծառերը պատվում են աղբով: Այս մեր վերաբերմունքով մենք ուղղակի բնաջնջում ենք մեր էկոհամակարգերի հիմքը»:
Չնայած վերը նշվածի՝ տիկին Դանիելյանը նշեց, որ կան դրական նորություններ: Եվրոպական բանկի աջակցությամբ գետերի մաքրման կայաններ են ստեղծվում. «Առաջինը բացվել է Փարաքարում, ջուրը մաքրում են այն աստիճանի, որ հնարավոր լինի ոռոգել»:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը տվյալներ ներկայացրեց, որ մոլորակի վրա 600 միլիոն մարդ հնարավորություն չունի ջրից օգտվելու, եւ եթե Հայաստանում շարունակենք նման կերպով վարվել ջրային ռեսուրսների հետ, ապա կհայտնվենք հենց այդ ասիական երկրների շարքում, որտեղ մարդիկ չեն կարողանում ջրից օգտվել:
Անդրադառնալով իռլանդական «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության Սեւանա լճի ափին նավթի եւ գազի որոնողական աշխատանքներ կատարելու հայտին, Սիլվա Ադամյանը նշեց, որ օրենք կա, որ Սեւանա լճի տարածքում նման գործողություններ չի կարելի իրականացնել: Մինչդեռ բնապահպաններին կազմակերպության տնօրեններն ասել են, որ եթե գտան ռեսուրսներ, ապա կանեն հորատումներ. «Այն մոտեցումը, որ կա մեր կա մեր գետերի, մեր լճերի, շրջակա միջավայրի նկատմամբ, պետք է փոխել»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ