Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ միասնական արժույթը դիտվում է որպես ինքնիշխանության կորուստ
Aravot.am-ը մարտի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում քաղաքագետ Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 20-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսիայի եւ Ղազախստանի նախագահների հանդիպման ընթացքում արագացրեց գործընթացը եւ հայտարարեց, որ հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու հնարավորությունը:
Նա պատասխանեց. «Իրենք Ղազախստանի հետ խնդիրներ ունեն: Երեւի, ղազախները զգում են, որ Ուկրաինայից հետո Ղազախստանի ռուսական հատվածն են ուզելու, այսինքն՝ ռուսական կարող է նաեւ ագրեսիվ դառնալ: Ագրեսիվ կարող է դառնալ նաեւ այն դեպքում, եթե ճգնաժամի մեջ խրվի, եւ ժողովրդի մեջ հայրենասիրական ոգին պահելու համար՝ մի քիչ էլ ղազախ կզոհի: Կարծում եմ՝ այս հակասությունների մեջ են»:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ուշադիր դիտի՝ նկատի ունենա անվտանգությունը եւ դաշնակիցներ փնտրի. «Մենք չենք մտնի, մեզ կմտցնեն: Մեր վիճակն այսպիսինն է՝ մեզ հետ ռուս չի կռվելու, թուրքին բաց է թողնելու եւ մեր հարցը կլուծվի երկու ճակատի մեջ, դրա համար այս հարցերի մասին պետք է շատ մտածել, ես պատասխան չունեմ»:
Կարդացեք նաև
Լեւոն Շիրինյանը նկատեց, որ Եվրամիության շրջանակներում նույնպես միասնական արժույթ է ներդրված. «Սա դիտվում է որպես անկախության կորուստ, անշուշտ, բոլորս էլ ուզում ենք, որ դրամը մնա, բայց եթե տնտեսական, քաղաքական մեծ օգուտներ են լինելու: Բայց խորը պետք է նայել, այս տնտեսությունով մենք կարո՞ղ ենք անկախ լինել, թե՞՝ ոչ, այս օլիգարխիայով մենք կարո՞ղ ենք անկախ լինել, չէ՞ որ դրամը մի օր լաթի է վերածվելու: Այս տնտեսությունով, այս վիճակով, այս կրթության համակարգով ի՞նչ է լինելու, անկախության կորուստը այստեղ է, այնտեղ չէ: Թե չէ հիմա ֆրանսիացիներից ավելի հայրենասեր ժողովո՞ւրդ ենք, եթե ֆրանկից հրաժարվել են, ի՞նչ է եղել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ