Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պարող. «Փորձերի ժամանակ էլ զգում էի, որ աչքերս արցունքոտվում էին»

Մարտ 21,2015 15:08

 Հայաստանում Ամերիկյան դեսպանատունը ներկայացնում է ամերիկացիների, թուրքերի ու հայերի մասնակցությամբ «Անավարտ» նախագիծը

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանում Ամերիկյան դեսպանատան նախաձեռնությամբ Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Անավարտ» խորագրով  ժամանակակից պարային բեմադրության երեւանյան պրեմիերան: Երբ անցյալ տարվա օգոստոսին ներկայացման պրեմիերան կայացավ Նյու Յորքի հայտնի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում, «Նյու Յորք Թայմսը» դեմադրությունը որակեց որպես «Հաշտեցման որոնման փորձ՝ Մերձավոր Արևելքից մինչև Ամերիկա»: Մշակութային դիվանագիտության ծրագրի շրջանակում միավորվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը, Թուրքիայի «Քորհան Բաշարան» համույթը եւ հայ պարողները` Դավիթ Գրիգորյանը, Կարեն Խաչատրյանը, Ֆրիդա Յորքը:

Խումբը նույն բեմադրությամբ հանդես կգա Ստամբուլում:

Aravot.am-ի հետ զրույցում ազգությամբ թուրք պարող Քորհան Բաշարանը  նշեց, որ  նախագծի «Անավարտ» վերնագիրը կարծես բոլորիս սրտի եւ հոգու վիճակն է բնորոշում, ու իր ընկալմամբ արվեստն այնպիսի երեւույթ է, որը փոխակերպելու  ներուժ ունի. «Ես կարծում եմ, որ այս նախագիծը կարող է փոխակերպող ազդեցություն ունենալ: Այն գործընթացը, որի միջով մենք անցել ենք ամառվանից, կարող է հանգեցնել փոխակերպման եւ ոչ հստակը, մութը կարող է լույսի վերածվել»:

Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում ձեւավորվել է  համերաշխ ընտանիք, ծնվել են ներկայացումներ, որոնք ազդեցություն կունենան՝ ոչ միայն ներկայացման մեջ ներգրաված արվեստագետների, այլեւ հանդիսատեսի վրա. «Բեմադրությունը խոսուն է, այնպիսի՜ էներգիա է անցնում միջովդ: Երեկ փորձերի ժամանակ էլ զգում էի, որ աչքերս արցունքոտվում են»,-հավելեց Քորհան Բաշարանը:

Նրանից պարզեցինք, որ տեղյակ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ու գիտի, որ ներկայացումը կայանում է հենց այդ իրադարձության միջոցառումների նախաշեմին: «Արվեստի միջոցով, կարծում եմ, կգտնենք այն էներգիան, որը կկարողանա ամոքել վերքերը…Գիտակցելով, որ աշխարհի բոլոր մարդիկ քույրեր ու եղբայրներ են, կկարողանանք փոփոխությունների հասնել»,-նշեց նա: Նաեւ հավելեց, որ առաջին անգամ է Հայաստանում,  ու հավանել է մեր երկիրը: Հասցրել է լինել Պատմության թանգարանում, տպավորված է Գառնիով, Գեղարդով, Զվարթնոցի տաճարով, գիտի նաեւ, որ հայերը 301թ են քրիստոնեություն ընդունել: «Մի քիչ էլ Երեւանում եմ շրջել, մոլորվել ու ինքնուրույն գտել ճանապարհը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նախագծի հայաստանյան կողմի ղեկավար պարուսույց Արինա Արարատյանը նշեց, որ նախագիծն առանձնահատուկ է. «Ողջունելի է, որ երեք ազգի պարողներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ: Ինձ համար հարազատ է նաեւ այս պարային ոճը: Ներկայացման էսթետիկական գիծը եւ ասելիքը  եւս շատ մոտ են ինձ՝ որպես կոսմոպոլիտ մտածողություն ունեցող մարդ: Ներկայացումը  ընդդեմ բռնության է՝ ողջ աշխարհում, այն շատ նուրբ «հարված» է հասցնում, առանց նատուրալիստական տեսարանների: Զարմանում ես, ո՞նց կարող են նույն էմոցիաներն ապրել տարբեր ազգի ու կրոնի մարդիկ… Միշտ ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, ես կարծում եմ, որ արվեստը կփրկի աշխարհը, որովհետեւ արվեստը չունի սահման, բացի այդ, այն իր մեջ մեծ սեր է կրում»:

Շողեր Գալստյանը նույնպես նախագծի ղեկավարներից է: «Մենք պատասխան չեն տալիս, ուղղակի արծարծում ենք թեմաներ, որի շուրջ ուզում են բոլորը խոսել: Հետաքրքիր լուծում է գտնվել, ներկայացումը սեր է քարոզում, այն հանդիսատեսին կտա այնպիսի հույզեր, որոնք կարիքը նա ունի»,-ասաց նա

Հավելենք, որ «Դեյվիդ Դորֆման Դենս » պարի թատրոնը Միացյալ Նահանգների ժամանակակից պարի լավագույն խմբերից  է: «Անավարտ» պարային բեմադրության ուղերձն ինչպես արդեն նշվեց, այն է, որ պարարվեստը կարող է օգնել՝ առերեսվելու անցյալի ու ներկայի հետ:

«Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնը հիմնադրվել է 1985թ. Դեյվիդ Դորֆմանի կողմից: Այն ութ անգամ արժանացել է «Բեսի» մրցանակի:

«Դեյվիդ Դորֆման Դենս» պարի թատրոնի հիմնադիր Դեյվիդ Դորֆմանի հետ հարցազրույցը՝  տպագիր «Առավոտի» առաջիկա համարում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում՝ Քորհան Բաշարանը(ձախից),Արինա Արարատյանը, Շողեր Գալստյանը եւ Դեյվիդ Դորֆմանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031