Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Արցախի ու Հայաստանի դեմ իրականացվող յուրաքանչյուր դիվերսիայից հետո վերլուծելով թշնամու նենգ քայլերը` հիմնականում ասվում է, թե այն պայմանավորված է այս կամ այն «տոնով» կամ որեւէ պաշտոնյայի տարածաշրջան կատարած այցով: Բայց չե՞ք կարծում, որ Ադրբեջանը վաղուց է շեղվել այդ «օրինաչափությունից», նրան որեւէ առիթ պետք չէ հերթական դիվերսիա կազմակերպելու համար, եւ որ այդ երկիրը Հայաստանին ու Արցախին իրականում ահաբեկչական պատերազմ է հայտարարել:
-Որովհետեւ այդ պետությունը բնույթով ու ի ծնե հիվանդ է, իսկ հիվանդության անունը ահաբեկչություն է: Ադրբեջանը ահաբեկչական երկիր է: Եվ նրա սադրանքները բխում են իր իսկ բովանդակությունից:
Կան նաեւ օրեր, իրադարձություններ, որոնց շրջանում ահաբեկչական բնույթ ունեցող այդ երկիրն առավել ակտիվանում է: Այդ ակտիվացումը ոչ թե պայմանավորված է զուտ այդ օրով, այլ դարձյալ իր ագրեսոր բնույթով: Կան, չէ՞, հոգեկան հիվանդներ, որոնց հոգեւոր շեղումները սեզոնային բնույթ ունեն, Ադրբեջանը եւս այդպիսին է: Տվյալ դեպքում Նովրուզ տոնը նրա ագրեսիայի դրսեւորման հերթական առիթը դարձավ. փորձում են հայի արյունով շնորհավորել մեկմեկու, իրենց ղեկավարներին:
Թեպետ մահմեդական մշակույթում այդ տոնը արյան հետ որեւէ կապ չունի, բայց Ադրբեջանի համար ոչ մի խնդիր չկա. նրանք պատրաստ են խեղաթյուրել նաեւ մահմեդական տոները, հարմարեցնել իրենց ահաբեկչական բնույթին` տոն է, ուրեմն պետք է արյուն թափեն, որովհետեւ մոլագար, ֆաշիստական պետություն է մեր առաջ կանգնածը:
Իրենց վերջին ակտիվացումը պայմանավորված է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով. Հայաստանի, Արցախի դեմ ուղղված նենգ գործողություններով փորձում են հաճոյանալ Թուրքիային:
-«Մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա»,- նախագահ Ս.Սարգսյանի խոսքի իրավացիությունը ժամեր անց հաստատեց Բաքուն` դիմելով նոր սադրանքի: Բարձր մակարդակով հնչած այս մեսիջը ի՞նչ հետեւանք կունենա:
-Ռուսաստանը պետք է անպայմանորեն վերանայի իր քաղաքականությունը: Չեմ կարծում, որ ռուսական զենքի վաճառքն ուղղված է Հայաստանի կամ Արցախի դեմ: Ես այլ բանում եմ համոզված. Ադրբեջանը խախտել է Ռուսաստան-Ադրբեջան զենքի մատակարարման պայմանագիրը, այսինքն` անում է հակառակը` ռուսական զենքը կիրառելով Արցախի ու Հայաստանի դեմ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: