«Հանրությունը պետք է պահանջի, որ Պերմյակովին փոխանցեն մեզ: Միանշանակ պետք է պայքարենք, չպետք է լռենք: Լռությունը նշանակում է նորից եղեռնագործություն: Հանրությունը պետք է ինքնակազմակերպվի, սա մի հոգու, մեկ քաղաքական գործչի խնդիր չէ: Պետք է ինքնակազմակերպվենք: Հերիք չէ ապօրինությունը փորձում են անտեսել, լռեցնել, ավելին` այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք փորձում են ձայն բարձրացնել, բողոքել, նրանց նկատմամբ հետապնդում են իրականացնում: Տասնյակ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, այսինքն՝ իրավատեր քաղաքացիներին փորձում են լռեցնել»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ եթե հանրության կողմից ճնշում չլինի, գործի ընթացքը չի փոխվի և իրական մեղավորները չեն պատժվի: Որպես իրական հանցագործներին կոծկելու ձգտում՝ Զ.Փոստանջյանը որակեց Գյումրիում դաժան սպանությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ կողմից հայտարարություն ընդունելու հարցում ՀՀԿ-ական պատգամավորների բացասական դիրքորոշումը. «Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությանն իրենք ընկալում են որպես վերադաս: Ակնհայտ է, որ ՌԴ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը և չի հարգում ՀՀ քաղաքացիների իրավունքները:
Նաև ակնհայտ է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ուղղակի սպասարկում են այդ խախտումն ու ցանկությունը, որ կոծկեն իրական հանցագործներին: Այսինքն՝ թույլ չտան, որ բացահայտվի իրականությունը, որի դեպքում ես կարծում եմ, որ մենք շատ խորը վիշտ ենք ապրելու: Սա եղեռնագործություն է և հենց այնպես տեղի չի ունեցել: Սա ՌԴ ԶՈՒ-ում տիրող խայտառակ մթնոլորտի և խայտառակ բարքերի հետևանք է: Սա ոչ միայն գյումրեցիների, ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի խնդիրն է, այլև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու խնդիրն է, որովհետև եթե այս ապօրինությունը չբացահայտվի, յուրաքանչյուրի նկատմամբ կլինի նման եղեռնագործություն»:
Հրապարակումն ամբողջությամբ` «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: