Սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին.
-Պարոն Աբրահամյան, անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը քաղաքական մի շարք ուժերի հետ կոնսուլտացիաներ իրականացրեց: «Հանրապետություն» կուսակցությունը հրավիրվե՞լ է քննարկումներին:
-Ես ոչ մի տեղեկություն չունեմ նման հանդիպման առաջարկից, բայց կարծես թե չի եղել: Առաջարկ չի եղել, կուսակցությունում քննարկում չի եղել ու մենք այդ հարցին չենք անդրադարձել:
-Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանդիպումներին:
Կարդացեք նաև
-Ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը չէ, որ մասնակցել է էդ քննարկումներին ու առանցքում եղել են խորհրդարանական ուժերը, իսկ դա կոնսալիդացիայի 20-30 տոկոսի չափ է: Հասարակական մեծ ռեսուրսներ դրսում են մնացել, չեն մասնակցել այդ քննարկումներին ու պրոցեսին: Խորհրդարանում մեծամասնություն լինելը, կամ ինչ-որ ուժեր ունենալը դա դեռ չի նշանակում, որ աջակցություն ունեն եւ ես մտածում եմ, որ ահռելի զանգված չի մասնակցում էդ լրիվ պրոցեսին: Դրանք հիմնականում արտախորհրդարանական ուժերն են, քաղաքացիական միավորները, նախաձեռնությունները եւ այլն:
-Իսկ «Հանրապետության» դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:
-Համենայնդեպս կարող եմ ասել, որ սահմանադրական բարեփոխումների այս երկիրը կարոտ չէ, բայց ես մտածում եմ, որ սահմանադրական փոփոխությունների հրատապ պահանջ կարող է լինել, երբ դրա շուրջ կոնսոլիդացիա կա, ինչը ես հիմա չեմ տեսնում: Ընդհանրապես՝ ես կառավարման նախագահական համակարգի կողմնակից եմ ու վաղուց եմ այդ տեսակետը պաշտպանում, բացի այդ՝ հիմա մենք պատերազմական վիճակում ենք եւ այլն, եւ այլն: Մենք կարծում ենք, որ ժամանակավրեպ է այդ փոփոխությունները ու մենք ոչ մի բովանդակային քննարկման մեջ չենք մտնելու:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: