Տնտեսական տարին Հայաստանում մեկնարկեց ակտիվության ցածր մակարդակով։ Ենթադրվում էր, որ արտաքին ու ներքին միջավայրում ի հայտ եկած բազմաթիվ մարտահրավերների հետեւանքով տնտեսության բացասական միտումները գնալով էլ ավելի կխորանան։
Սակայն, դատելով անցած օրը փետրվարի տնտեսական գործընթացների վերաբերյալ վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներից, որ վիճակն այնքան էլ վատ չէ, ինչքան կարելի էր կարծել։ Ավելին՝ հունվարի տնտեսական ցածր ակտիվությունից հետո փետրվարին գործընթացները բավականաչափ աշխուժացել են։
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը եղել է 3,6 տոկոս։ Սա նույնիսկ ավելի բարձր է, քան անցած տարի։
Չնայած հունվարին արձանագրված համեստ ցուցանիշներին, այնուհանդերձ տարեսկզբի երկու ամիսների ակտիվությունը գերազանցել է նաեւ նախորդ տարվա մակարդակը։ Վիճծառայության տվյալներով, հունվար- փետրվարին տնտեսական աճը եղել է 2,5 տոկոս։ Ասենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը կազմել էր 2,4 տոկոս։
Փետրվարին աճ է գրանցվել տնտեսության հիմնական ճյուղերի մեծ մասում։ Մասնավորապես արդյունաբերության արտադրությունն ավելացել է 2,6 տոկոսով։ Իհարկե, դրանով հանդերձ, տնտեսության այս ճյուղում հունվար-փետրվարի արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեռեւս բացասական է։
Գյուղատնտեսության ոլորտում տարեսկզբի երկու ամիսներին արտադրության ծավալներն ավելացել են 3,6 տոկոսով։ Հունվարի համեմատ փետրվարին տնտեսության այս ճյուղում աճը եղել է ռեկորդային՝ ավելի քան 54 տոկոս։ Գրեթե նույն պատկերն է նաեւ շինարարության մեջ։ Շինարարության տարեկան ցուցանիշները տարեսկզբի երկու ամիսներին ոչ միայն դադարել են անկումային լինել, այլեւ նույնիսկ 0,8 տոկոսով ավելացել են։
Տնտեսության ճյուղերից նվազում է գրանցվել էներգետիկայում։ Մի բան, որ բնականաբար պայմանավորված է բնակլիմայական առավել բարենպաստ պայմաններով։ Տարին անհամեմատ տաք էր, որի հետեւանքով կրճատվել է ջեռուցման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի քանակը։
Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ վիճակը շարունակել է լարված մնալ հատկապես արտաքին հատվածում։ Չնայած տնտեսական ակտիվության առումով գրանցված աշխուժությանը, այնուհանդերձ կան խնդիրներ առեւտրաշրջանառության ոլորտում։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: