Լրահոս
Օրվա լրահոսը

Անանձնական ուրախության ճանապարհը

Մարտ 21,2015 17:30

Ամեն անգամ վերհիշելիս իմ ապրած օրերը, որոնք աներամ ու մենակ են հեռանում ինձանից, թերեւս այն պատճառով, որ ես, լինելով երամի մեջ, կարելի է ասել, ըստ էության, երամի բնույթը չճանաչեցի: Երամն էլ, թերեւս, ինձ չճանաչեց, եւ ես աներամ, անճանաչս շատ հաճախ ընկերություն էի անում այն մարդկանց հետ, որոնք շատ էին խոսում ու գրական հայերենով: Այնինչ, երեւի նրանց գրագետ խոսքը լսելուց բացի՝ պետք էր տեսնեի, հետեւեի, ուսումնասիրեի նրանց արարքներն ու գործը, որոնք պետք էր որ հաջորդեին իրենց խոսքին գրագետ:

Ես գիտեմ, որ մոլորյալի դիմաց խորախորհուրդ ձորեր են, իսկ հետեւում` անդառնալի սարեր: Սակայն ես այդ մոլորյալը չեմ, վկայողն ու տեսնողն եմ, եւ համեստությունը թող ինձ ների, հիմա արդեն տեսանողը նաեւ:

Այսինքն թե` ինչպես հին ու նոր աշխարհի երեւելիները, կարծես թե առնչվում եմ մեկ պարզ ճշմարտության. իշխանությունը, որին մենք այդքան ձգտում ենք, եւ հարստությունը, որ այդքան երազում ենք, շատ արագ կդառնան հավերժությունից փչող քամիներին ավար կամ կծածանվեն տիեզերքից ամեն օր իջնող աստղափոշու տակ, եւ կմնա միայն գործը, որ արվել է ոչ ի սեր սեփական անվան, այլ արվել է ի սեր այլոց, ի սեր հայրենիքի եւ պետության:

Այդ բանը, թերեւս, հրաշալի հասկացել էր մեծն Կյուրոսը, երբ մեռնելիս հրամայել էր դամբարանին գրել մի համեստ, պարզ, բայց հավերժությանն առնչվող մի նախադասություն.
Ո՛վ մարդ, ով էլ որ լինես դու եւ որտեղից էլ հայտնվես, քանզի ես գիտեմ, որ դու գալու ես, ես Կյուրոսն եմ` պարսկական պետության ստեղծողը: Չզրկե՛ս ինձ այն մի բուռ հողից, որ ծածկում է իմ մարմինը:

Կյուրոս մեծի գերեզմանը չկարողացավ փրկել նույնիսկ Ալեքսանդր Մեծը, որ տեսնելով դամբարանը պղծված ու թալանված՝ երկար կանգնեց մեծն զորավարի ավերված հիշատակի առաջ` մտածելով հզորության ու անձնական փառքի ունայնության մասին, փառքի անցողիկության մասին՝ թերեւս գուշակելով, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում…

Ինչը եւ եղավ:
Եվ հիմա ինձ այցելած այս մտքերի խորքերից բոլոր երեւելիներին մի կողմ տանելով` իմ մեջ զրնգում է մեծն Թումանյանի խոսքը. այն, որ ասում ու մեղանչում է. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին… Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Այնինչ ե՛ւ Թումանյանից առաջ, ե՛ւ Թումանյանից հետո մեր մեծերից շատերը գիտեին, տեսել ու ճանաչել էին իրենց պարտքը հող ու ծաղիկ տվողի առջեւ:
Եվ նրանց ճանաչածն ու սրբազան հաստատումն այսօր լուսավոր հետագիծ պիտի դառնա մեր նորանկախ պետության, մեր ժողովրդի եւ իշխանությունների համար` որպես պատասխանատվություն, որը ենթադրում է, թե քաջ առաջնորդը չի վախենում, իմաստուն առաջնորդը չի կասկածում եւ ամենակարեւորը` բարոյական առաջնորդը չի հուսահատվում եւ երկրի համար փնտրում է ճանապարհը անանձնական ուրախության, ինչը երազում էր մեր վաղամեռիկ պատանի մեծն Միսաք Մեծարենցը, երազանք, որը պետք է լինի նաեւ մեր ամբողջ ցեղինը` անձնական սիրո սրբազան կնիքը վրան:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031