Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը կսպասի ԲՀԿ-ի վերագործարկմանը

Մարտ 21,2015 17:00

Եթե ԲՀԿ-ն հրաժարվի իշխանափոխության պահանջից՝ նա կհեռանա ԲՀԿ-ից

– Ինչո՞ւ երեկ չմասնակցեցիք խմբակցության նիստին, որտեղ ընտրվեցին խմբակցության ղեկավար մարմինները:

– Չեմ ուզում, որպեսզի մակերեսային վերլուծություններ լինեն, ու դրանց տակ ոմանք փորձեն շատ անտեղի ենթադրություններ անել, առավել եւս՝ դրանք որպես հիմնավորումներ ներկայացնեն հանրությանը, որովհետեւ իրականում սա պայմանավորված է պարզապես նպատակահարմարությամբ: Եվ ոչ մի ուրիշ բան:

– Այնուհանդերձ՝ ինչ-որ պատճառ պե՞տք է լինի, որի համար նպատակահարմար չեք գտել խմբակցության նիստին մասնակցել:

– Ես ուզում եմ, որպեսզի իմ գործընկերների գործունեությանը միշտ զուգակցի հաջողությունը, որպեսզի իրենց նպատակներն իրականանան, որպեսզի ՀՀ-ում ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին իրենք ունենան հնարավորություն եւ կարողանան իրագործել իրենց առջեւ նախանշված նպատակները:

– Վերջին իրադարձություններից հետո Դուք փաստացի դուրս եք դրել Ձեզ կուսակցական գործունեությունից: Անգամ կուսակցական խնջույքներին չեք մասնակցում: Ե՞րբ եք հայտարարելու կուսակցությունից դուրս գալու մասին:

– Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի իմ գործընկերները այս ընթացքում հայտարարել են, եւ ոչ մեկ անգամ, որ իրենց ժամանակ է պետք վերաիմաստավորելու համար տեղի ունեցածը, վերբեռնելու համար իրենց քաղաքական օրակարգը, վերագործարկելու համար կուսակցական կառույցը: Իսկ ի՞նչն է զարմանք առաջացնում, որ շատ շիտակ ու կարեւորը՝ անփոփոխ քաղաքական կուրս ունեցող մարդիկ, ներեցեք ավելորդ համեստության բացակայության համար, զորօրինակ՝ ձեր խոնարհ ծառան, սպասում է, թե ինչպե՞ս կկազմեն քաղաքական օրակարգը, ինչպե՞ս կվերագործարկեն կուսակցական գործունեությունը եւ ինչպե՞ս կվերաիմաստավորեն տեղի ունեցածը: Եթե ԲՀԿ-ն վերցրել է թայմ-աուտ, ո՞վ կարող է ակնկալել, որ այդ թայմ-աուտի ընթացքում առանձին վերցրած անհատներ կուրորեն եւ իներցիայի ուժով պիտի գործեն:

– Բայց Դուք զուգահեռաբար ինչ-որ գործունեություն եք ծավալում, քաղաքացիական շտաբներ եք ձեւավորում… Ի դեպ, այդ գործում Գագիկ Ծառուկյանը ստվերային աջակցությո՞ւն է Ձեզ ցուցաբերում: Համենայնդեպս՝ մամուլում շրջանառվում է այդ վարկածը:

– Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գործունեությանը երկրում, ապա դրա մասին շատ պարզ ու շիտակ հայտարարել է հենց ինքը, ու դրանով փակված են բոլոր թեմաները. քաղաքականությամբ նա չի զբաղվում: Հետեւաբար դրանից հետո ոչ ենթադրությունները, ոչ էլ հարցադրումները՝ իմ գործունեության մասով պարոն Ծառուկյանի աջակցության վերաբերյալ, բացարձակապես տեղին չեն: Անհիմն են: Ես դա կտրականապես հերքում եմ: Այդ հարցի վերաբերյալ պատասխանների ու ենթադրությունների մեջ թույլ չեմ տալիս նույնիսկ որեւէ մոտավորապեսականություն:

Նման բան չկա եւ լինել չի կարող:

Իսկ քաղաքացիական շտաբի գործունեության հետ կապված՝ արդեն ասել եմ, որ ոչ մի տեղեկատվություն չեմ տրամադրելու՝ բացի շատ բաց, հրապարակային եւ հանրության աչքի առաջ տեղի ունեցող կոնկրետ քայլերից: Երբ լինեն գործողություններ, դրանց հետ կապված ինֆորմացիայի պակաս չի լինի: Բայց ասեմ, որ այդ կառույցը բոլոր ուղղություններով իրականացնելու է ժողովրդի պատվերը: Կազմակերպության թիկունքում այն մարդիկ են, ովքեր հանդիսացան դրա ստեղծման դրդողները, պատճառը, հիմքը: Դրանք հազարից ավելի մարդիկ են:

Չի կարող լինել որեւէ անհատ, որեւէ ուժ, կառույց, կազմակերպություն, որը կարող է ստվերային կամ ոչ ստվերային, նյութական կամ ոչ նյութական օժանդակություն ցուցաբերել այդ կազմակերպությանը: Այն հանրային կառույց է՝ հանրային նշանակությամբ եւ հանրային դերակատարմամբ: Ես բացառում եմ նաեւ որեւէ կողմից նյութատեխնիկական փոխգործակցությունը: Ուզում եմ հորդորել, տեղեկատվական, հասարակական եւ քաղաքական դաշտ ազդակներ ուղարկել, որպեսզի որեւէ մեկը չփորձի նյութական փոխգործակցության հիմքի վրա կապեր հաստատել այդ կազմակերպության հետ: Այս կառույցը չի ունենալու թելադրողներ, պատվիրատուներ, քաղաքական, առավել եւս՝ այլ շահերի սպասարկման ուղեգիծ, բացառությամբ այն շահերի սպասարկումը, որոնք հետապնդում են ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ:

– Բայց նաեւ ԲՀԿ-ի հետ ու շուրջ տեղի ունեցած իրադարձություններն ավելորդ անգամ ապացուցեցին, որ հայաստանյան իրականության մեջ առանց փող տվողների, առանց «տոն» տվողների իրադարձությունները չեն զարգանում: Ուստի հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ կառույցին փող եւ «տոն» տվողները:

– Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, լավ գիտեն, որ հաճախ ունենալով փողի անհրաժեշտություն՝ հրաժարվել եմ տարբեր տեսակի փողերից եւ փողային օժանդակություններից, եթե դրա դիմաց դրվում է կամ կարող են դրվել համոզմունքներիս հակասող անելիքներ ու ասելիքներ: Վաղուց ժամանակն է, որպեսզի եւ քաղաքական դաշտի խաղացողները, եւ հանրությունը, եւ իրավիճակի հետ բոլոր առնչություն ունեցողները հասկանան՝ մեր երկրում ու մեր հասարակության մեջ վաղուց արդեն հասունացել է ազնվության հեղափոխության անհրաժեշտությունը: Ոչ մի այլ կերպ ազնվության դեֆիցիտի խնդիրը լուծել հնարավոր չի լինելու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031