Ստեփան Գրիգորյանը մեկնաբանում է հայ-ադրբեջանական
հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունները «Իրենք իրենց պատժեցին»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով Ադրբեջանի ներկայացուցիչների՝ «Եվրանեսթի» համաժողովի հայաստանյան նիստերին չմասնակցելու որոշման մասին՝ ասում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Չհնչեց նրանց կարծիքը տարբեր հարցերում, այդ թվում՝ Ցեղասպանության բանաձեւի: Նաեւ նրանք խախտեցին պայմանավորվածություն. հայտարարել էին, որ եթե Հայաստանի պատվիրակությունը մասնակցի Բաքվում «Եվրանեսթի» համաժողովին, իրենք էլ կմասնակցեն, եւ քանի որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, նշանակում է՝ իրենք իրենց խոստումը չպահեցին: Ակնհայտ է, որ դրանից տուժում են իրենք, քանի որ «Եվրանեսթին» մասնակից հարյուր տասը պատգամավորների աչքին փաստորեն Ադրբեջանը սուտ դուրս եկավ, խոսք տվեց, բայց չեկավ»,- ասում է պարոն Գրիգորյանը:
Անդրադառնալով օրերս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայ զինվորը մտահոգվում է, որ ադրբեջանցի զինվորը կրակում է ռուսական զենքից, պարոն Գրիգորյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի խոսքերն ուղղված էին Ռուսաստանի իշխանություններին: «Որոշ ժամանակ առաջ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ մտահոգված է այդ փաստով: Հիմա նախագահի մակարդակով է այդ հարցը բարձրացվում: Միջազգային լեզվով ասած՝ զենքի մտահոգության մասին հնչեցվեց բարձր մակարդակով՝ Հայաստանի նախագահի կողմից:
Ստացվում է, որ Հայաստանը հնչեցրեց հարցը տարբեր պաշտոնական մակարդակներում, Ռուսաստանի կողմից դա կամ անտեսվեց, կամ չլսվեց: Հիմա նախագահի մակարդակով է հնչեցվում, դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը չպատասխանի, հաջորդը կոնկրետ քայլեր կլինեն Հայաստանի կողմից՝ բանակցություններ Ռուսաստանի հետ՝ ավելի հստակեցնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
Պարոն Գրիգորյանը կարծում է, որ հայ պետական այրերի այս քայլերը կապված են նրա հետ, որ Ադրբեջանի կողմից անընդհատ բանակը ուժեղացնելու հանգամանքը անհանգստացնում է նրանց. «Հայտնի է, որ ռուսական զենքը առաջիններից է աշխարհում: Առաջատար երկրից ստացած հարձակողական զենքը վտանգում է մեզ: Եթե Ադրբեջանը դիվերսիա չանցկացներ, ամեն օր չկրակեր, ամեն օր լարվածություն չպահեր սահմանում, կասեինք՝ զենք ծախեցին, թող ծախեն, ի՞նչ անենք, բայց հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմաբազա Հայաստանում, հաշվի առնելով, որ մենք Ռուսաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, եւ Ադրբեջանը չի մտնում դրա մեջ, պետք է նկատենք, որ այստեղ Ռուսաստանն ունի պարտավորություններ:
Կարդացեք նաև
Ես չեմ ընդունում, որ ասում են՝ բիզնես է: Չհասկացանք՝ այդ դեպքում ինչո՞ւ անվտանգության պայմանագիրը մենք Ռուսաստանի հետ ստորագրեցինք: Այո, Ռուսաստանը ունի պարտավորություններ մեր առջեւ, մենք՝ Ռուսաստանի: Մենք մեր պարտավորությունները կատարում ենք, Ռուսաստանը ոչ պատշաճ է կատարում, եւ շատ ճիշտ է ասել Սերժ Սարգսյանը, եւ այդ մեսիջը շատ պարզ է՝ ուղղված է Ռուսաստանի առաջին դեմքերին: Համոզված եմ՝ Ռուսաստանը այդ մեսիջը կլսի եւ կմտածի դրա մասին»:
Պարոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին՝ Նովրուզի տոնի առթիվ հնչեցրած ելույթի մասին, որտեղ նա ասել էր, որ անմեղ ադրբեջանցիների արյունը, որ թափել են հայերը, առանց վրեժի չի մնա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված տարբեր մակարդակներով հանդիպումներ են ընթանում, Հայաստանը չի մտածում սադրիչ գործողություններից հրաժարվելու մասին:
Մեր զրուցակիցը նշում է, որ հայտարարությունն ուղղված է Հայաստանին եւ միջազգային հանրությանը. «Հայաստանին ներկայացնում է որպես ագրեսոր, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը խանգարող այս հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությանը: Նա ասում է՝ ես կշարունակեմ կրակել, մարդ սպանել, քո զինվորներին կամ քաղաքացիական մարդկանց. այս մեսիջն ուղղված է Հայաստանին»: Որքանո՞վ են իրատեսական այդ սպառնալիքները: Պարոն Գրիգորյանն ասում է. «Ես չեմ կարծում, որ մենք ավելի թույլ ենք, քան Ադրբեջանը: Ակնհայտ է, եթե մենք թույլ լինեինք, Ադրբեջանը կվերսկսեր պատերազմական գործողությունները: Մենք ուժեղ ենք եւ զսպում ենք ագրեսորին: Բայց ճիշտը խոսենք՝ Ռուսաստանի, Իսրայելի զենքը, որ վաճառվում է Ադրբեջանին, պարզ է՝ ուժեղանում է բանակը: Այո, մենք ուժեղ ենք, հակահարված տալիս ենք, բայց այն, որ իրենք ուժեղացնում են իրենց բանակը, այդ գործոնը բերում է իրենց պահվածքում լկտիության»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ»
20.03.2015