Լրահոս
Օրվա լրահոսը

Դաունի համախտանիշով երեխային մի հանձնեք մանկատուն

Մարտ 21,2015 16:00

Նույնիսկ ամենալավ մանկատանը
չեն կարող տալ այն ջերմությունը, ինչ նրան կտա մայրը

«Մեր երկրում շատ ենք բախվում կարծրատիպերի, մեր հասարակությունը թերահավատությամբ է վերաբերվում մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց, մասնավորապես՝ Դաունի համախտանիշով մարդկանց, բայց ասեմ, որ դա բոլորովին թյուր կարծիք է: Շատ մարդիկ նման խնդրով երեխաներին հանձնում են մանկատուն, ես նրանց ուզում եմ ասել, որ Դաունի համախտանիշ ունենալը դա դեռ աշխարհի վերջը չի, դա խնդիր է, որը հնարավոր է լուծել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արմինե Սահակյանը:

Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առիթով, որը նշվում է մարտի 21-ին, Արմինե Սահակյանը կոչ է անում չառանձնացնել նրանց հասարակությունից, այլ ընդհակառակը՝ այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի Դաունի համախտանիշով ապրող մարդիկ դառնան հասարակության լիիրավ անդամ, քանի որ տիկին Սահակյանը սեփական փորձով է համոզվել, որ այդ համախտանիշով ծնված երեխան, մեծանալով առողջ հասարակությունում, միանգամայն կարող մարդ է մեծանում:

Նրա խոսքերով՝ շատ ծնողներ երբ իմանում են, որ Դաունի համախտանիշով երեխա են ունեցել կամ ունենալու, առաջին միտքը որ ծագում է նրանց մոտ, երեխայից ազատվելն է: Արմինե Սահակյանը կարծում է, որ դրանում նաեւ պետության, մասնավորապես՝ սոցիալական ոլորտի պատասխանատուների մեղքի բաժինը կա, որոնք բավարար աշխատանք չեն տանում՝ հասարակության մեջ կարծրատիպերը վերացնելու:
«Դա տեղեկացված չլինելու մեծ բացն է, որ ծնողը առանձնապես ապահով չի զգում մեր երկրում, առավել եւս երբ գիտի, որ հաշմանդամություն ունեցող երեխա է ունենալու կամ մեծացնելու: Բայց ուզում եմ ասել, որ ես ինքս, որպես հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող, շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց դժվարություններ լինում են նաեւ հաշմանդամություն չունեցող երեխաների հետ, պարզապես հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում մի քիչ ավելի են դժվարությունները, պետք չէ հուսահատվել. ամենալավ մանկատանն անգամ երեխայի համար ջերմության մեծ պակաս կլինի, քան եթե նա ապրի ընտանիքում»:

Տիկին Արմինեի որդին, որը ծնվել է Դաունի համախտանիշով, սովորում է 8-րդ դասարանում: Որդին հաճախում է ներառական դպրոց. «Ճիշտ է, տղաս դեռ ինքնուրույն չի գրում, չի կարդում, բայց մենք չենք հուսահատվել, դպրոցը մեզ համար այլ խնդիր է լուծել՝ հասարակություն ինտեգրվելու. նրան տանում ենք կինո, թատրոն, ուղղակի բակ ենք հանում. երբ մարդ շփվում է իր հասակակիցների հետ, հարեւան-բարեկամների հետ, ինքն ուղղակի սկսում է ապրել, եւ անցնում են տարիներ, ու դու չես էլ հասցնում հասկանալ, թե երբ եղավ այդ փոփոխությունը, որ Դաունի համախտանիշով մարդն արդեն սովորական վիճակի է հասել: Ես կոչ եմ անում բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այդ համախտանիշով երեխաներ, չհրաժարվել նրանցից, միշտ էլ ելքեր կան. ուղղակի պետք է իմանան, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալը դեռ չի նշանակում, որ կյանքն ավարտված է»:

Տիկին Արմինեն այսօր ղեկավարում է «Մենք կարող ենք» կազմակերպությունը, որի անդամները հաշմանդամություն, մասնավորապես՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներ են:

Արմինե Սահակյանն իր գործընկերուհու որդու օրինակով է պատմում, թե Դաունի համախտանիշով 20-ամյա Նարեկն այսօր ինչ բարձունքների է հասել:

«Երբ Նարեկը դպրոց է ընդունվել, դպրոցում ներառական կրթություն չի եղել, բայց տնօրենը նրան ընդունել է, եւ շատ խնդիրներ են առաջացել՝ ծնողների վատ վերաբերմունք, ուսուցիչների թերահավատություն, բայց ծնողի ու այն ուսուցիչների ջանքերի շնորհիվ, որոնք հավատացել են, որ անկարող երեխա չկա՝ պարզապես պետք է ճիշտ մեթոդներ ու լավ վերաբերմունք ունենալ, Նարեկը ավարտել է դպրոցը: Նա հիմա պրոֆեսիոնալ նկարիչ է, բազմիցս ցուցահանդեսներ է ունեցել, նաեւ Նկարիչների միության անդամ դառնալու հավակնորդ է: Մենք մեր նմանատիպ օրինակներով շատ ծնողների հետ ենք աշխատում՝ արդեն 50-ից ավելի, եւ ուզում ենք ցույց տալ, որ շատ կարեւոր է նախ՝ տեղեկացված լինել որպես ծնող եւ հետո՝ կարողանալ տեր լինել իրենց երեխաների կրթության, հասարակության մեջ ինտեգրվելու իրավունքին»:
Տիկին Արմինեն, վկայակոչելով արտերկրի փորձը, պատմում է. «Իտալիայում, օրինակ, կա ռեստորան, որտեղ ամբողջ աշխատակազմը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ են, նրանք իրենց զգում են ոչ թե խնամվող, այլ հասարակության լիիրավ անդամ՝ իրենք են հոգում իրենց ծախսերը, հոգում հոգսերը: Մեր պետությունը դեռ շատ հետ է այդ առումով, մեր մեջ շատ կարծրատիպեր կան, եւ մենք դեռ փորձում ենք անընդհատ մարդկանց մեջ տեսնել նրա խնդիրները եւ ոչ թե կարողությունները»:

Նրա խոսքերով՝ իրենց կազմակերպության նպատակն է հասարակությանը ցույց տալ, որ մարդուն պետք է նայել նրա կարողությունների տեսանկյուններից. «Ի վերջո՝ ամենամեծ հնարավորություններ ունեցող մարդն անգամ ապահովագրված չէ ինչ-ինչ խնդիրներից, եւ այն մարդիկ, որոնք հատկապես որոշումներ են կայացնում, մեր ղեկավարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ այլն, իրենց գիտակցության մեջ փոփոխություն պետք է կատարեն, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էլ կարող են՝ ուղղակի նպաստավոր պայմաններ են պետք ու իսկապես հավասար վերաբերմունք եւ ոչ թե հավասար վերաբերմունք՝ օդի մեջ ասված»:
Տիկին Արմինեի խոսքերով՝ այն մարդիկ էլ, որոնք ուշադրության են արժանացնում մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց, առաջին արձագանքն այն է լինում, որ խղճում են եւ ուզում են ինչ-որ հարցով օգնել. «Էրեբունի-Երեւան» միջոցառման ժամանակ տաղավար ունեինք, որտեղ ցուցադրվում էին Նարեկի նկարները, եւ երբ մարդիկ հիացած նայում էին, առաջինը հարցնում էին՝ ինչ է պետք այս երեխային` ուտելիք, շոր. այդ տեսանկյունից էին փորձում մոտենալ, այնինչ միայն պետք էր հիանալ այն աշխատանքներով, որը ստեղծել էր Նարեկը, իսկ սոցիալական օգնության կարիք կարող ենք ունենալ ցանկացածս՝ անկախ հաշմանդամությունից»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031