Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութպանները գտնում են, որ խանութի լատինատառ անունն ավելի շատ հաճախորդ կբերի

Մարտ 21,2015 15:30

Օրենքի բացառություններն այն խախտելու հնարավորություն են տալիս

Այսօր հաճախ կարելի է նկատել խանութների անունները մայրենի լեզվով, որոնք, սակայն, զուգակցված են 1-2 օտար լեզուներով։ Օրենսդիրները սրան դեմ չեն. Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքում 2011թ. մայիսի 23-ին կատարված փոփոխության համաձայն՝ գովազդի բոլոր միջոցները պետք է լինեն հայերենով՝ անհրաժեշտության դեպքում զուգակցվելով այլ լեզուներով։ Իսկ գովազդի մասին ՀՀ օրենքը գալիս է բացը լրացնելու ու մասնավորեցնում, որ սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հրատարակությունների, ապրանքանիշների ու մակնիշների վրա։

Սակայն մեր քաղաքներում կան խանութներ, որոնք այս բացառության համատեքստում չեն, բայց իրենց անունները կրում են օրենքի խախտումով:

Ոլորտի համար պատասխանատու ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի տեսչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ անցած տարվա ընթացքում նման օրինախախտմամբ 42 վարույթ են իրականացրել, ինչի արդյունքում 3,5 միլիոն դրամ փոխանցվել է պետական բյուջե։ Տուգանքները սկսվում են 250.000 դրամից, մեկ տարվա մեջ կրկնվելու դեպքում հասնում 400.000 դրամի։

Լեզվի տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը վստահեցնում է, որ իրենց նպատակը գործատուներին տուգանելը չէ. «Լինում են դեպքեր, երբ մենք փորձում ենք բանավոր խոսքի, հորդորների միջոցով զգուշացնել խանութների սեփականատերերին, որպեսզի նրանք փոխեն իրենց գովազդային վահանակները»:
Այստեղ հարկ է նշել, որ քաղաքում կան նաեւ խանութներ, որոնք չնայած օրենքի համաձայն՝ իրավունք ունեն գովազդային վահանակը ներկայացնել միայն օտար լեզվով, ունեն նաեւ հայերեն տառադարձություններ (Baldi, promod, Debenhams եւ այլն):

Տիկին Հովյանն ասաց, որ ՀՀ լեզվի եւ գովազդի մասին օրենքները խախտող խանութների սեփականատերերը կարծում են, որ լատինատառ գրվածքը գրավում է հաճախորդներին եւ նպաստում իրենց բիզնեսի առաջխաղացմանը։

Չնայած տեսչության ջանքերին՝ մայրաքաղաքում կատարած շրջայցի ժամանակ նկատեցինք, որ օրինախախտ խանութներ դեռեւս կան: Օրինակ՝ «Any Rose» եւ «Egoiste» խանութների անվանումները ոչ միայն հայերենով չէին, այլեւ օրենքի վերոնշյալ դրույթի մասին անգամ տեղյակ էլ չէին:

«Avetisyan» եւ «art Bravo» խանութներում էլ փորձում էին համոզել, թե նրանք պատկանում են օրենքի՝ ապրանքանիշներին եւ մակնիշներին վերաբերող բացառությանը:

Այդուհանդերձ, նշենք, որ քաղաքը հիմնականում «խոսում» է հայերեն։ Մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ որոշ խանութների գովազդային վահանակներ, որոնք մինչ այդ լատինատառ էին, այժմ փոփոխման փուլում են:
Popo խաղալիքների խանութի տնօրենը նշեց, որ չնայած իրենց խանութը չունի հայերեն տառադարձությամբ գովազդային վահանակ, սակայն զբաղվում է այդ խնդրով:

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031