Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձանց կողմից կատարված գողությունները

Մարտ 21,2015 15:00

Ոստիկանության աշխատակիցը նախընտրել էր
գողություններ կատարել իրանցիների բնակարաններից

Խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Առավոտը» ներկայացնում է Հատուկ քննչական ծառայության վարույթներում քննված եւ քննվող ուշագրավ քրեական գործերը, որոնք վերաբերում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքերին:

«Առավոտը» Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի եւ քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն եւ քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց ունեցած պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել եւ Երեւանում բնակվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից կատարել տարբեր իրերի գողություններ: Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին՝ կեսգիշերն անց, Օնիկ Մ.-ն եւ Էդուարդ Ա.-ն նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռենա Մ.-ի բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի՝ 200 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Օնիկ Մ.-ն 2014 թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի՝ մոտ 600 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
Ըստ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության, ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ն եւ Օնիկ Մ.-ն 2014 թ. ամռանը՝ տարբեր օրերի, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել այլ իրանցիների բնակարաններ եւս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:

ՀՔԾ լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ին եւ քաղաքացի Օնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել նյութեր, որոնք կարող են առիթ լինել քրեական գործ հարուցելու համար: Օրեր անց Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով՝ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Առավոտը» տեղեկացավ՝ ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ մասի պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու աշխատակիցները 2015 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով, խմբով պատուհանից ապօրինի մուտք են գործել հիշյալ բաժնի հետնամասում գտնվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Բաղրամյանի մասնաճյուղի չգործող վարչական շենք եւ այնտեղից գաղտնի հափշտակել են մետաղյա պահարաններ:

Օրերս պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի գույքի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը եւս ընդունվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության աշխատակիցը, նախնական համաձայնության գալով, իր երկու ընկերների հետ պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել մթերային խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ շուրջ 1 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:

Ոստիկանության աշխատակից Գուրգեն Մ.-ն, վերջինիս ընկերներ՝ Գեղամ Ն.-ն եւ Արսեն Բ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ, վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը նրանց մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մի քրեական գործի նախաքննություն էլ ավարտվեց վերջերս եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվեց դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ըստ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ նախաքննությամբ ապացուցվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը 2013թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատուն եւ այնտեղից գաղտնի հափշտակել բջջային հեռախոս եւ նեթբուք տեսակի համակարգիչ՝ տուժողին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի դրանից, Լեռնիկ Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել վերոհիշյալ մարզում գտնվող բնակարան, գաղտնի հափշտակել է նոթբուք տեսակի համակարգիչ՝ տուժողին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ասենք, որ երկու դրվագով գողություն կատարելու մեջ մեղադրվող Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031